Իրավական 

Վանաձորում ՃՈ աշխատակցին հարվածած անձը ձերբակալվել է

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի կապակցությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ երեկ, ժամը 03:05-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ճանապարհապարեկային ծառայության տեսուչ Ա. Քոչարյանը զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության Տարոնի բաժին առ այն, որ նշված օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի ևս 4 աշխատակցի հետ ծառայություն են իրականացրել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում։

Ծառայության ժամանակ իրենց մոտ կայանել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա, որից իջել է 5 անձ, ովքեր, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, անհիմն վիճաբանել են իրենց հետ, ապա նշված անձանցից Ս. Նավասարդյանը ձեռքով երկու անգամ հարվածել է իրեն և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ 2015 թվականի մարտի 09-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նույն օրը Ս. Նավասարդյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից