Ռազմական 

Կոլեգիայի նիստ ՀՀ ՊՆ-ում՝ ԼՂՀ ՊԲ հրամկազմի մասնակցությամբ

analitik.am

Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի ընդլյանված նիստը:



Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին ներկա են եղել նաեւ Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:



Կոլեգիայի հերթական նիստը նվիրված է եղել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների, ինչպես նաեւ զինված ուժերում օպերատիվ պատրաստության վիճակի հարցերի քննարկմանը:


 

«Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ քննարկվող հարցերի շրջանակը խիստ կարեւոր է եւ արդիական` հաշվի առնելով տարածաշրջանում ռազմաքաղաքական լարված իրավիճակը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ խաթարելով բանակցային խաղաղ գործընթացը` հակառակորդը դարձյալ գործի է դնում ռազմատենչ հռետորաբանության, սպառազինությունների մրցավազքի եւ կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման մեխանիզմների մերժման քաղաքականությունը:



Այս ամենը մեկ անգամ եւս ռազմական ղեկավարությունից պահանջում է մշտական ուշադրության կենտրոնում պահել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները»,- տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:



Կոլեգիայի նիստի ընթացքում օրակարգային հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, վարչությունների պետեր, բանակային զորամիավորումների հրամանատարներ: Ընդհանուր առմամբ արձանագրվել է, որ զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության եւ օպերատիվ պատրաստության մակարդակի բարձրացման ուղղությամբ զգալի աշխատանքներ են տարվել, առկա է նկատելի առաջընթաց, սակայն կան նաեւ որոշակի բացթողումներ, որոնց հաղթահարումը պահանջում է խիստ համակարգված եւ հետեւողական աշխատանք:



Բանախոսներն անդրադարձել են նաեւ զինծառայողների գիտելիքների եւ մասնագիտական ունակությունների կատարելագործմանը, մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի անվտանգության ապահովմանն ուղղված համալիր միջոցառումներին, վերջին ժամանակահատվածում անցկացված զորավարժությունների, հրամանատարաշտաբային մարզումների, օպերատիվ հավաքների, դաշտային երթերի արդյունքներին եւ դրանց շրջանակում ի հայտ եկած խնդիրներին: Նշվել է, որ բարձր մակարդակով իրականացվել են պլանային բոլոր միջոցառումները:



Ամփոփելով նիստի աշխատանքները եւ ընդհանրացնելով զեկույցներում ու դրանց շուրջ ծավալված քննարկումների ընթացքում հնչած փաստերը, հետեւություններն ու առաջարկները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուղենշել է հետագա ծրագրերը եւ տվել է մի շարք հանձնարարականներ:

Նույն շարքից