Ռազմական 

2014 թ․ հակառակորդի կրակոցներից զոհվել է 26 զինծառայող, 2013-ին՝ 6․ ՀՀ դատախազության հաշվետվություն

analitik.am

Նախօրեի երեկոյան ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ԱԺ Նախագահին էր ներկայացրել ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության մասին հաշվետվությունը:



Հայաստանի զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում 2014-ին արձանագրվել է 3,728 դեպք, մինչդեռ 2013թ. այդ թիվը կազմել է 4,032: 



Արձանագրված դեպքերից 2,578-ը  եղել են պատահարներ-զանցանքներ, 1,150-ը՝ հանցագործություններ, այդ թվում` 746-ը՝ զինվորական, 404-ը՝ այլ ընդհանուր: Նախորդ տարվա համեմատ պատահարները նվազել են 305 դեպքով, հանցագործություններն` աճել են 16-ով:  Ընդ որում, զինվորական հանցագործությունները նվազել են 20-ով, իսկ այլ հանցագործություններն աճել` 36-ով: Նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործություններն աճել են 33-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները` 40-ով:



2014թ. ընթացքում արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված մահվան ելքով 40 (2013թ.՝ 29) դեպք, որի հետևանքով մահացել է 44 զինծառայող: Մահվան դեպքերն ունեն հետևյալ պատկերը. հակառակորդի կողմից սպանություն` 26 (2013թ.՝ 6), սպանություն` 2 (2013թ.՝ 3), ականի պայթյունից` 2 (2013թ.՝ 1), զենքի հետ վարման կանոնների խախտման հետևանքով` 1 (2013թ.՝ 1), ինքնասպանություն և ինքնասպանության հասցնելու` 3 (2013թ.՝ 8), հիվանդություններից` 4 (2013թ.՝ 4), ավտովթարից` 1 (2013թ.՝ 4), դժբախտ պատահարից 3 (2013թ.՝ 3) և դեռևս չպարզված հանգամանքներ` 2:



2014թ ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 1,330 զինծառայող, նվազում է արձանագրվել 16-ով: 58 զինծառայող ստացել է ծանր մարմնական վնասվածք, 1,271-ը՝ միջին ծանրության եւ թեթև, 1-ի մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը ամփոփումների պահին դեռևս պարզված չի եղել:



Դատախազը հաղորդման մեջ նախ ներկայացրել է հանցավորության ընդհանուր վիճակը: Նշել է, որ 2014թ. ընթացքում ՀՀ-ում գրանցվել է հանցագործության 17,546 (2013թ.՝ 18,333) դեպք, այսինքն՝ դեպքերը նվազել են 787-ով կամ 4.3%-ով, իսկ բացահայտումը կազմել է 79.9% (2013թ.՝ 82.6%), այսինքն՝ բացահայտումը նվազել է 2.7%-ով: 

Նույն շարքից