Ռազմական 

Ապրիլի 4-ը ականազերծմանն աջակցելու միջազգային օրն է. նպատակը մեկն է՝ անվտանգ Հայաստան բոլորիս համար

analitik.am

2005 թվականից ի վեր` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ, ապրիլի 4-ը հայտարարվել է ականային վտանգի մասին իրազեկման և ականազերծման գործունեությանն աջակցելու  միջազգային օր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։



Աշխարհի բազմաթիվ երկրներում ականային վտանգը սպառնում է խաղաղ բնակչության և առաջին հերթին` երեխաների կյանքին, հաճախ դառնում է հաշմանդամության պատճառ: Ականապատ տարածքները պիտանի չեն ո՛չ գյուղատնտեսության, ո՛չ անասնապահության, ո՛չ հանքարդյունահանման և ո՛չ էլ տուրիզմի ու տնտեսության այլ ճյուղերի զարգացման համար, ուստի կամաց-կամաց լքվում և ժամանակի ընթացքում վերածվում են ամայի տարածքների:



Լուծումը միակն է. ականազերծում և պատերազմի պայթուցիկ մնացորդների  վերացում: Խնդիրը բավականին ժամանակատար է, ծախսատար և պահանջում է հետևողական բարեխիղճ աշխատանք: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ականային վտանգի վերացման պատասխանատվությունն իր ուսերին է վերցրել երկրի կառավարությունը: Կատարված հետազոտություններով Հայաստանի Հանրապետության Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 42 համայնքներում հայտնաբերվել և քարտեզագրվել են 131 վտանգավոր տարածքներ` 47մլն. քառ. մետր ընդհանուր մակերեսով: Ներկայումս ընթանում են տեխնիկական հետախուզման և ականազերծման աշխատանքներ, շարունակվում են ոչ-տեխնիկական հետազոտությունները:



Ողջ գործընթացի համակարգումն ու որակի վերահսկողությունն իրականացնում է ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրված հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

 

 

Ականազերծման աշխատանքներն իրականացվում են «ՀԱԼՕ թրասթ» կազմակերպության  կողմից` ՀՀ ՊՆ ինժեներա-սակրավորային խաղաղապահ գումարտակի հետ համատեղ: Ի դեպ, այդ գումարտակը ներկայումս  հանդիսանում է  երկրի հումանիտար ականազերծման միակ ներուժը: Աշխատանքների ֆինանսական աջակցությունը  տրամադրվել է ԱՄՆ պետդեպարտամենտի PM/WRA գրասենյակի կողմից: Հայաստանն աջակցում է դոնորների կողմից ֆինանսավորված աշխատանքներին բոլոր հնարավոր միջոցներով: Օրինակ՝ անցած տարի Հայաստանի ներդրումը ԱՄՆ պետդեպարտամենտի PM/WR-ի կողմից ֆինանսավորված ծրագրում կազմում է 75.000.000 ՀՀ դրամ (պրոֆեսիոնալ ականազերծողների, հանդերձանքի,տրանսպորտի, վառելանյութի տրամադրում և այլն):



Այս ամենն արվում է, որպեսզի վստահ լինենք, որ մեր բնակիչները մեր երկրում կարող են անվտանգ տեղաշարժվել և հիմք ստեղծել զարգացման համար: Հայաստանը զարգացման կարիք ունի, իսկ զարգացումը հանգեցնում է կայունության, որն էլ հենց այն է, ինչ պետք է երկրին և համայնքներին:

Նույն շարքից