Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի խանութներից մեկում հունվարի 19-ին վաղ առավոտյան հնչած պայթյունի առթիվ քրգործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 2-րդ հոդվածներով, այն է՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով և խոշոր չափերի վնաս է պատճառել: Ըստ այդմ՝ մեղավորին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում: Այս մասին տեղեկացանք գլխավոր դատախազության հանրային կապերից:
Հիշեցնենք, որ Անդրանիկի փողոցի 144/6 հասցեում գործող հագուստի խանութի տիրոջ կինը մամուլում ասել է, որ կասկածում է նաև պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որը ամուսնու հետ խնդիրներ ունի: Նշենք, որ մամուլում տարածված տեղեկության համաձայն՝ նրա ու Ալեքսանյանի ջրերը մի առվով չէին հոսել այն պահից, երբ պատգամավորից գումար էր «անհետացել»:
Քրգործը գլխավոր դատախազությունից հետ է ուղարկվել քննչական ծառայություն: Գործը հսկող դատախազը Երևանի ավագ դատախազ Գարեգին Մանուկյանն է: Այս պահին գործով տուժող կամ մեղադրյալ չկա:
Որոշ տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանը քրեական գործի շրջանակներում չի հարցաքննվել: