Ռամադի քաղաքի հյուսիս-արևելքում ԴԱԻՇ-ի մահապարտ-ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել են իրաքյան բանակի և ազգային աշխարհազորայինների ավելի քան 50 զինվոր ու մարտիկ: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ «իրաքյան բանակի 10-րդ բրիգադի դիրքի վրա հարձակման ժամանակ ծայրահեղականները կիրառել են մոտ մեկ տասնյակ ականապատ զրահամեքենա, որոնք վարել են մահապարտ-ահաբեկիչները»: Բանակային ամրություների վրա հարձակման ժամանակ իրաքցի զինվորականներին հաջողվել է հետ շպրտել մի քանի զրահամեքենա, սակայն դրանց մի մասը, այնուամենայնիվ, հասել են բրիգադի դիրքերին և պայթեցվել են գրոհայինների կողմից: 10-րդ բրիգադի հրամանատարության տվյալներով՝ առնվազն 50 զինվորական զոհվել է, մոտ 80-ը վնասվածքներ են ստացել:
ԴԱԻՇ-ի կողմնակիցների զանգվածային գրոհն իրագործվել է գրեթե մեկ օր անց Ռամադիում ռազմական գործողությունների դադարեցման մասին իրաքյան բանակի հայտարարությունից հետո: Այդպիսի որոշում է ընդունվել՝ հաշվի առնելով քաղաքում ԴԱԻՇ-ի դեմ մարտերի ձգձգվելը և, բանակային հրամանատարության հայտարարությամբ՝ «Ռամադիում գրոհայինների դեմ պայքարի մեթոդների վերանայման անհրաժեշտությունը»:
Իրաքի բանակը դեռևս 2015թ. դեկտեմբերին հայտարարեց ԴԱԻՇ-ից Ռամադիի ազատագրման մասին: Սակայն ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի հրամանատարության տվյալներով՝ շրջանը Ռամադիի կենտրոնում, որն ազատագրել են իրաքյան զորքերը, «չի գերազանցում քաղաքի տարածքի մեկ երրորդը», իսկ այնտեղ մնացած գրոհայինները տեղափոխվել են արվարձաններ