Մշակույթ 

Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի Կաննում անցկացվող MIDEM փառատոնին

analitik.am

Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով հունիսի 5-8-ը կմասնակցի Ֆրանսիայում անցկացվող MIDEM միջազգային երաժշտական հեղինակավոր փառատոնին։



«Այս միջոցառումն, ի թիվս այլ իրադարձությունների, կազմակերպվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում»,– ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:



Նրա խոսքով` Հայաստանը MIDEM-ի հեղինակավոր հարթակում կներկայացնի ոչ միայն հայկական երաժշտությունը, այլև` վերածնված Հայաստանը, դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասին։



«Հայաստանի մասնակցությունը MIDEM–ին 2015 թվականին արտերկրում անցկացվող կարևոր միջոցառումներից մեկը կդառնա։ MIDEM-ն ամենահեղինակավոր փառատոներից է, որն անցկացվում է մեր բարեկամ Ֆրանսիայում, որտեղ անչափ գնահատում են հայ ժողովրդի երաժշտական ավանդույթները», - ասաց Պողոսյանը։



Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն իր հերթին կարևորեց այն փաստը, որ Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով է մասնակցելու փառատոնին:



«Հայաստանի մասնակցությունը ուղերձ է և ինչ-որ տեղ ընդգծում է այն միտքը, թե մշակույթն ավելի ուժեղ է, քան բռնությունը, և որ հայկական մշակույթը հաղթահարել է տանջանքներն ու տառապանքները, մշակույթն անհամեմատ ավելի բարձր է։ Կաննում անցկացվելիք փառատոնում Հայաստանն ի տես աշխարհի կներկայացնի իր երաժշտությունը` ավանդական և ժամանակակից բոլոր դրսևորումներով»,-նշեց Շարպանտիեն:



Միաժամանակ նա ցանկություն հայտնեց, որ Հայաստանը փառատոնին ներկայանա երիտասարդ երաժիշտներով։



«Շատ հպարտ եմ, որ նմանատիպ իրադարձություն պետք է տեղի ունենա ֆրանսիական հողում»,-նշեց դեսպանը:



Reed MIDEM ընկերության մշակութային ծրագրերի տնօրեն Կորնելիա Մուխը ներկայացրեց այն ծրագրի մանրամասները, որով Հայաստանը պետք է ներկայանա փառատոնին։



Նրա խոսքով` Հայաստանն ազգային մեծ տաղավար է ունենալու և հենց կենտրոնում Հայաստանին նվիրված պաստառ է լինելու։



«Չորս օր շարունակ փառատոնի ընթացքում կներկայացվի Հայաստանի մշակութային հարստությունը։ Բացմանը կհնչի հայկական երաժշտություն, հյուրերը հայկական կերակրատեսակներն ու խմիչքները համտեսելու հնարավորություն կունենան»,– ասաց Մուխը։


 

Նրա խոսքով` երկրորդ օրը նվիրված կլինի Կոմիտասի արվեստին։



«Փառատոնի ընթացքում կկազմակերպվի Հայաստանի մշակույթին նվիրված ասուլիս, ինչպես նաև` ցուցահանդեսներ, հայ դիզայներների ցուցադրություններ»,– ասաց Մուխը։



Նա նշեց, որ փառատոնին ելույթ կունենան «Կատուներ», «Դորիանս» «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբերը, «Հովեր» երգչախումբը, Երիտասարդական նվագախումբը, Նարեկ Հախնազարյանը և ուրիշ կատարողներ։



MIDEM-ը աշխարհի երաժշտական ինդուստրիայի կարևորագույն փառատոներից է, որը Կաննում անցկացվում է 1966 թվականից: Փառատոնին մասնակցում են աշխարհի հեղինակավոր ձայնագրման ընկերություններ, հայտնի երգիչներ, խմբեր, պրոդյուսերական կենտրոններ և երաժշտական հրատարակչություններ։



Հայաստանի մասնակցության խորհրդանիշն է նուռը` պատկերված չորս տարբեր գույներով, որոնք խորհրդանշում են օդը, ջուրը, հողը և կրակը:


 

 

Նույն շարքից