Մշակույթ 

Անիի եկեղեցիների վերականգնողական աշխատանքներին մասնակցելու են նաև հայ մասնագետներ. Գագիկ Գյուրջյան

analitik.am

ԻԿՕՄՕՍ կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանն, այսօր մամուլի ասուլիսին հայտնեց, որ Անիի եկեղեցիների վերականգնողական աշխատանքներին մասնակցելու են նաև հայ մասնագետներ: Նա նշեց, որ ԻԿՕՄՕՍ Հայաստանը  դրան հասել է՝ դեռ 2011 թվականին Փարիզում ընդունել տալով այդպիսի  բանաձև:



Նա ասաց, որ այսպիսով թուրքական կողմը դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը, որ ներկայացնեն մասնագետների այնպիսի ցանկ, ովքեր կմասնակցեն շինարարական աշխատանքներին:



«Մեկուկես-երկու ամիս անց նոր կսկսվեն վերականգնողական աշխատանքները՝ հաշվի առնելով Անիում եղանակային պայմանները»,- նշեց Գագիկ Գյուրջյանը և ավելացրեց, որ ի տարբերություն նախկինի՝ այժմ միջազգային հսկողությունը և վերականգնողական աշխատանքները բավականին լուրջ հիմքերի վրա են դրված:



Բացի այդ, Գագիկ Գյուրջյանը նկատեց, որ Թուրքիան իր տարածքում գտնվող մշակութային ժառանգությունը մեծապես օգտագործում է տուրիզմի զարգացման համար, ինչի արդյունքում սկսել են ուշադրություն դարձնել հայկական եկեղեցիներին:



«Թուրքիայի տարածքում գտնվող ամենավտանգված հայկական հուշարձանը Մրենի՝ 7-րդ դարով թվագրվող հուշարձանախումբն է»,-ասաց նա և հայտնեց, որ նախորդ տարի Թուրքիայի կողմից  ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնելու ցուցակում ընդգրկված է 52 հուշարձան։



Ըստ բանախոսի՝ դրանով նրանք ցույց են տալիս, որ հանդուրժողական վերաբերմունք ունեն բոլոր տեսակի ժառանգությունների նկատմամբ:

Նույն շարքից