Մշակույթ 

Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

analitik.am

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի պատվին հարգանքի ձեռնարկ է տեղի ունեցել Միացյալ Նահանգների արևմտյան թեմի առաջնորդարանում:



Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով առաջնորդարանի կայքը, միջոցառումն անցկացվել է մարտի 19-ին  Տիգրան և Զարուհի Տեր-Ղազարյան սրահում:



Միջոցառման մեկնարկը տրվել է «Հնչյունների տարածություն» վավերագրական ամփոփ ժապավենի ցուցադրությամբ:



Արվեստաբան Թագուհի Արզումանյանը խոսել է Տիգրան Մանսուրյանի երաժշտական տաղանդի մասին և ներկայացրել Մանսուրյան երգահան և երաժշտագետին որպես հայրենիքի անգին գանձ, իր երաժշտությամբ հայրենիքն ու հայ ազգը հարստացնող արվեստագետ:



Խմբավար ու «Լարք» երաժշտանոցի հիմնադիր տնօրեն Վաչե Պարսումյանն իր տարիների մտերմության և առաջին լսած երաժշտական կտորի առթիվ իր հուշերն է ներկայացրել: Հնչել է նաև հատված Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ռեքվիեմ»-ից:

 

Առաջնորդարանի սրբազան հայրը տեղեկացրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն սրբատառ կոնդակ է շնորհել Տիգրան Մանսուրյանին, որով «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով է պարգևատրում նրան:



Սրբատառ կոնդակի ընթերցումից հետո շքանշանը հանձնվել է Տիգրան Մանսուրյանին: Կոմպոզիտորն իր շնորհակալության խոսքն է փոխանցել ներկաներին, ովքեր շնորհավորել են նրան նշանակալի պարգևի առթիվ:

Նույն շարքից