Քրիստոնեությունը դեռևս մնում է առաջատար համաշխարհային կրոն՝ հավատացյալների թվաքանակի տեսանկյունից, սակայն նրա հետ մրցակցության է դուրս եկել իսլամը։ Եթե ներկայիս միտումը պահպանվի, 2050 թվականին քրիստոնյաների ու մուսուլմանների թիվը կհավասարվի, իսկ 2070-ին մուսուլմանների թիվն ավելին կլինի։ Նման կանխատեսում է պարունակվում Pew հետազոտական կենտրոնի պրոֆիլային ստորաբաժանման նոր զեկույցում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Հաղորդվում է, որ 2010 թվականի դրությամբ՝ աշխարհում եղել է մոտ 2.2 մլրդ քրիստոնյա։ Նրանք կազմել են երկրագնդի բնակչության 31 տոկոսը։ Մուսուլմանները կազմել են 23 տոկոսը՝ 1.6 մլրդ մարդ։
Մի շարք երկրներում՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, քրիստոնյաները կդադարեն մեծամասնություն կազմել։
ԱՄՆ-ում իսլամը քրիստոնեությունից հետո կդառնա հավատացյալների թվով երկրորդ կրոնը՝ առաջ անցնելով հուդայականությունից։