Ապրիլի 7-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում թեմի «Ծաղկազարդ» համախումբը (գեղ. ղեկավար և խմբավար Լիլիթ Գրիգորյան) ելույթ է ունեցել հոգևոր երգերի կատարմամբ: Համերգը նվիրված էր եղեռնազոհ մայրերին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը համերգից առաջ Տերունական աղոթքն է ասել:
Խոսելով նախաձեռնության մասին՝ Տ. Պետրոսը ասել է. «Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կամարներից ներս հնչեցին հոգևոր երգեր մեր Ծաղկազարդ համախմբի կատարմամբ: Այս երգերը որպես աղոթք վերառաքվեցին առ Տեր՝ ցեղասպանության ժամանակ նահատակված մեր մայրերի հոգիների համար»: