Մշակույթ 

Այս ծրագրով պար դասավանդելը խայտառակություն է, ժողովուրդ․ Կարեն Գևորգյան

Մենք ի սկզբանե սխալ ենք համարում ազգային երգ ու պար առարկայի ներմուծումը դպրոց, քանի որ դպրոցներում արդեն կա երգ-երաժշտություն առարկան. պետք էր դպրոցում ներմուծել ազգային պար առարկան: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսօր այս մասին ասաց մշակույթի վաստակավոր գործիչ, «Բերդ» համույթի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը՝ խոսելով հիմնական դպրոցներում ազգային երգ ու պար առարկայի ներդրման մասին:

 

 

«Շատ կարևոր է, թե ովքեր պետք է դասավանդեն այդ առարկան դպրոցում: Միշտ ասում են, թե ազգային ոգի պետք է փոխանցվի, իսկ ո՞վ պետք է այդ ոգին փոխանցի, ֆիզկուլտուրայի, երգի ուսուցի՞չը, գրադարանավա՞րը: Կարծում եմ, որ այս ձևով պարը դպրոց մտցնելով ոչ թե գնալու ենք առաջ, այլ կորցնելու ենք այն լավը, վսեմը, որ հազարամյակներ շարունակ մեզ են փոխանցել մեր նախնիները»,- ասաց Կարեն Գևորգյանը:



Վերջինս ասաց, թե որպես պարի մարդ չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է մի քանի ամիս ինքնագործ խմբի մոտ վերապատրաստվելով դպրոցներում պար դասավանդել:



«Այս ձևով, այս ծրագրով պար դասավանդելը խայտառակություն է, ժողովուրդ: Սա վիրավորանք էր Հայաստանի բոլոր պարուսույց մանկավարժների նկատմամբ»,-հայտարարեց Կարեն Գևորգյանը՝ նշելով, թե այս ծրագիրը հաջողության չի հասնի, քանի որ շատերը փորձում են անձնավորել այդ հարցը:



«Այստեղ անձնավորված ոչինչ չկա, հարցը պետք է դնել ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն: Հանուն պարի ճիշտ պրոպագանդման, հանուն ազգային պարի ճշգրիտ ուսուցման, սա է մեր սկզբունքային վարքականոնը, սա է մեր գիտամանկավարժական ուղենիշը»,- հայտարարեց Կարեն Գևորգյանը:



Նրա խոսքով, այս հարցում կա ոչ միայն կրթության և գիտության նախարարության մեղքը, այլ նաև ծրագիրն իր վրա վերցնողի մեղքը:



Ասուլիսի մյուս մասնակից՝ պարարվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանն էլ իր հերթին ասաց, թե հանձնաժողովը, որ հաստատել է այդ ծրագիրը, ոչ մի պրոֆեսիոնալ պարող չի եղել այդտեղ:



 

Նույն շարքից