Հայաստանում 5 օր անցկացրած ամերիկյան հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը եւ նրա ընտանիքը Հայաստանից հեռացել է շատ գոհ եւ հրապուրված։ Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց վերջին օրերին Քարդաշյանների անվտանգությունն ապահոված «Պանտերա սեքյուրիթիի» հիմնադիր Վահե Դարբինյանը՝ նշելով, որ իր կարծիքով՝ Քիմ Քարդաշյանը մոտ ապագայում կրկին կայցելի Հայաստան։
Ինչպե՞ս եղավ, որ հենց դուք ապահովեցիք Քարդաշյանների անվտանգությունը:
Քարդաշյանի թիկնապահ Պասկալը Դյուվիերը այցից առաջ նայել է կայքերը, տեսել, որ մենք ապահովել ենք աշխարհահռչակ մարդկանց անվտանգությունը՝ Դոմինգո, Յան Գիլան, Ալ Ջերո, Ջորջ Բենսոն եւ ուրիշներ, իրենցից երաշխավորագրեր են վերցրել, հետաքրքրվել, թե ինչպես ենք աշխատել եւ այլն, այնտեղ թե իրենց անվտանգության պետերը, թե այդ երգիչները գոհունակություն էին հայտնել: Իրենք կապվել էին մեզ հետ, սկսել էինք աշխատել, պլաններ կազմել, սկսվեց աշխատանքը: Արդեն տեսաք՝ ինչպես աշխատեցինք, համենայն դեպս, իրենք ողջ, առողջ, երջանիկ եւ ապահով գնացին, դա ամենամեծ գնահատականն է ինձ համար:
Ինչպիսի՞ն էր Քիմը, ինչո՞վ էր տարբերվում մյուս հայտնի աստղերից, որոնց անվտանգությունը Դուք ապահովել եք:
Նորմալ մարդ է իրականում, շատ հանգիստ, շատ կշռադատված, ամենակարեւորը՝ ինքը միշտ հաշվի էր նստում անվտանգության աշխատակցիների հետ, եթե պետք էր մեքենայից դուրս չգալ, ինքը ժամերով մնում էր մեքենայում եւ դուրս չէր գալիս, այսինքն՝ աստղային հիվանդություններ, կապրիզներ չունի:
Անհամաձայնություններ լինո՞ւմ էին, օրինակ՝ ինքը ցանկանում էր մոտենալ երկրպագուներին, բայց դուք հակառակ կարծիքն ունեիք:
Նման բան չկար, ավելի շատ մենք չէինք ուզում, որ երկրապագուները մոտենային նրան, ինքը՝ հակառակը, մանավանդ փակ տեղերում ով իրեն դիմում էր, ինքը բոլորին մոտենում էր, նկարվում, սելֆիներ, շատ մարդամոտ, շատ ջերմ, ադեկվատ անձնավորություն էր:
Ի՞նչ դժվարություն կային Քարդաշյան ընտանիքի անվտանգությունն ապահովելիս: Հայ երկրապագուների դեպքում ի՞նչ առանձնահատկություններ կային:
Դժվար էր այն առումով, որ Քիմը կին էր: Օրինակ՝ երեկվա համերգին, երբ Քանյեն ցատկեց Կարապի լիճը, ծառայությունն ընտանիքի շուրջն էր, մի քանի հոգի մերոնցից թռան ջրի մեջ, Քիմը գրեթե մենակ մնաց, վերեւի մարդիկ վազեցին ներքեւ, որ տեսնեն՝ ինչ է կատարվում, սկսեցին ճզմել, իրենց անվտանգությանը, առողջությանը լուրջ վտանգ էր սպառնում, մենք երեքով ոնց որ իրենց վերցրինք օղակի մեջ եւ այդ ալիքին հակառակ՝ իրենց ուղղակի վազելով տարանք մեքենան: Ես չեմ ուզում բողոքել մեր հայ ազգից, նույն ֆաներն են, ինչպես աշխարհի մյուս երկրներում:
Այս ընթացքում անվտանգության հետ կապված միակ միջադեպը Գյումրիում էր, երբ փակվել էին եկեղեցու դռները, ինչը զայրացրել էր Շիրակի թեմի առաջնորդին:
Ես այնտեղ չեմ եղել, բայց ամենայն մանրամասնությամբ գիտեմ՝ ինչ է եղել, այնտեղ ուղղակի թյուրըմբռնում եղավ: Պարզապես, երբ նման VIP անձ է գնում որեւէ տեղ, դա ավտոմատ նշանակում է, որ այդ տեղը պետք է փակվի, մարդիկ պետք է գտնվեն մոտ 10մ շառավղով հեռավորության վրա: Պարզապես կազմակերպիչներն իրար մեջ լավ չէին հասկացել իրար, այդ պատճառով փակեցինք այդտեղ, պարզ է նաեւ սրբազանի զայրույթը, երբ տեսնում է, որ եկեղեցին փակ է, հոտը դուրսն է մնացել, իր աչքերով՝ դա անշնորհքություն է,դրա համար զայրացավ, մի երկու խոսք էլ ավել ասաց, ես չեմ նեղանում իր խոսքերի համար, ինքը հոգեւոր առաջնորդ է, լուրջ մարդ է, հեղինակություն է Գյումրիում, իր տեսանկյունից ինքը ճիշտ է, չեմ ուզում դա քննարկել: Շատ հանգիստ եմ վերաբերվում դրան, հենց ինքը ձայնը բարձրացրեց, տղաները նույն վայրկյանին էվակուացիա արեցին Քիմին այնտեղից:
Իսկ որտե՞ղ էր ավելի դժվար անվտանգությունն ապահովել:
Ամենադժվարը փողոցներում էր, օրինակ՝ հուշանվերների խանութ գնալիս, երբ լրիվ բաց էր տարածքը, էվակուացիայի տեղ չկար, մեկ էլ ամենաբարդը համերգի ժամանակ էր:
Կա՞ր ինչ-որ տեղ, որ ուզում էին գնային, բայց չգնացին՝ ելնելով անվտանգության խնդիրներից:
Նման բան չկա: Ուր ուզում էին գնալ, սկզբից գնում էր անվտանգությունը, կատարում իր գործողությունը, նախապատրաստում այցը, հետո նոր Քիմը գնում էր, որտեղ ցանկացել է, բոլոր տեղերը տարել ենք: Հակառակը ասեմ, որ բավականին տեղեր չեն գնացել, որ պետք է գնային, պլանավորված էին, պատճառը՝ չգիտեմ:
Իսկ ինչպե՞ս ստացվեց երեկվա անսպասելի համերգը:
Շատ հետաքրքիր էր, ժամը 7-ին մենք իրենց հասցրինք հյուրանոց, Պասկալը եկավ, ասաց՝ հաջողություն, գնացեք հանգստացեք, առավոտյան 7-ին գնում ենք օդանավակայան: Տղաները գնացին, ոնց որ ներքին ձայնս մի բան հուշեր, ասացի՝ վերջին երեկոն է Երեւանում, հաստատ մի տեղ կգնան, մի ժամ ավել կսպասեմ: Մեկ էլ եկավ Պասկալը, ասաց՝ ուզում են գնան «Պրովանս», գնացինք, մեկ էլ կանչեցին ինձ վերեւ, բա ուզում են Երեւանում համերգ կազմակերպել, ասացի՝ աչքիս վրա, ժամը 21.30-նն է: Մտածեցի, թե ինչ կարելի էր անել, քլաբ ուզեց. բայց հասկացա, որ ամենամեծ քլաբում 50-100 մարդուց ավել չես կարող հավաքել, մտածեցինք բացօթյա անել, հրապարակը հարմար չէր անվտանգության տեսանկյունից, առաջարկեցի Կարապի լիճ, գնացինք նկարահանեցինք, որ ներկայացնի Քանյեին: Մինչեւ ինքը նկարում էր, ես զանգեցի «Ռիչի» տերերին, պարզապես շնորհակալ եմ իրենց՝ Արտակին եւ Ռուբիկին, այն, ինչ իրենք արեցին, ամեն մեկը չէր անի, մինչեւ իրենք ֆոտոներ էին անում, ընդամենը 2 ժամում նրանք ապարատուրան դրել էին, դեռ չէր տարածվել, որ համերգ է լինելու, շշուկներ կային ընդամենը, բոլորին խառնեցինք իրար՝ ոստիկանապետ, Դավիթ Հարությունյան, Տարոն Մարգարյան, բոլոր մարմիններին խառնեցինք իրար, ամեն մեկը իր մասով իր գործը արեց, համերգը կայացավ, ինձ թվում է՝ մեծ տոն պարգեւեցինք մեր քաղաքին:
Ամենաշատը ո՞վ էր տպավորված եւ ո՞ր վայրից:
Բոլորը, երեւի Քանյեն ավելի սառն էր իրեն պահում, բայց վերջին ժեստը, որ նման բոց տվեց քաղաքին, լրիվ սիրտս բացեց իր նկատմամբ: Տեսա, որ ինքը այն սառնասիրտ մարդը չէ, որ ներկայանում է։ Օրինակ՝ Մեգերյան կարպետում Րաֆֆի Մեգերյանը որդու հետ եկել էր Ամերիկայից հատուկ այդ օրվա համար, տեսնեիք՝ ինչ ընդունելություն էին կազմակերպել, պարային խումբ էր հրավիրել, տեսնեիք՝ ինչ սիրուն պարեցին, պարելով քույրերին սեղանից տարան սենյակ, տարազները հագցրեցին, էլ զարդեր գցեցին, մինչեւ վերջ չհանեցին էդ շորերը, այդպես էլ գնացին հյուրանոց, այնքան գեղեցիկ ներկայացվեց հայկական արվեստը: Ամենաշատը տպավորվել էին Գեղարդից: Ընդհուպ նույն Պասկալը, այնքան էր տպավորվել Գեղարդով, Քիմի երկու թիկնապահներին էլ երկու փոքրիկ նվեր տվեցի՝ կաշվե թեւնոց, վրան Գեղարդի կատվի նկարը, միագամից հագավ, թե՝ այլեւս չեմ հանի այս թեւնոցը: Արարատը չտեսան բաց, եղանակը թույլ չտվեց, բայց շատ գոհ էին մարդկանցից, ջերմությունից, էն տատիկի հետ նկարվեց Քիմը, քանի օր է՝ այդ տատիկը երազում էր:
Ի՞նչ տպավորություններով հեռացան Քարդաշյանները:
Շատ հրապուրված, գոհ, ես կարծում եմ, որ շատ մոտ ապագայում ինքը էլի կգա Հայաստան: Վստահ եմ՝ հենց առիթ ունենա, անպայման կգա Հայաստան:
Առաջիկայում Հայաստան այցելող հայտնի մարդկանցից ո՞ւմ անվտագությունն եք ապահովելու:
System of a down խմբինը, ավելի վաղ մենք աշխատել ենք Սերժ Թանկյանի հետ: