Մշակույթ 

Մենք այսօր չենք կորցրել մեր մշակույթը․ Անուշ Արշակյան

Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս, արվեստագիտության թեկնածու Նունե Աթանասյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին կիսվեց երգարվեստի ոլորտում առկա խնդիրների շուրջ իր մտահոգություններով՝ նշելով, որ ժողովրդական երգը չի ապրում հայ մարդու առօրյայում։

 

 

«Ժողովրդական երգը պատկանում է հային, և եթե այդ երգը նրա առօրյայում չի ապրում, ապա մենք չենք կարող խոսել երգի ներթափանցման մասին: Մենք պետք է ձերբազատվենք մի շարք պրոբլեմներից, որոնք խանգարում են ինքնադրսևորել: Շատ կարևոր է նաև կատարողական ձևը, որովհետև միևնույն երգը կարող է մատուցվել ռաբիս կլկլոցով կամ արևելյան ձևերով, որը ճիշտ չէ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ մշակույթը ամուր ձեռքերում է, բայց աջակցության կարիք ունի:



Լրագրողների դիտարկմանը, որ եթե արաբական երաժշտություն է եթերում, մարդիկ սկսում են դա լսել, նա արձագանքեց՝ ասելով, որ «առաջարկն է բերում պահանջարկ»։ Իսկ դիտարկմանը, որ ժողովրդական և դասական երաժշտություն եթերում շատ քիչ է հնչում, Նունե Աթանասյանը պատասխանեց. «Եթե կան մարդիկ, որոնք գերադասում են այդ երաժշտությունը, ուրեմն այն պետք է գոյություն ունենա: Դրա հետ ոչինչ անել հնարավոր չէ: Մենք պետք է դրան հակառակ ներկայացնենք այն մշակույթը, որը գուցե ավելացնի իր ջոկատը»:
 



Նունե Աթանասյանը, խոսելով ժողովրդական երգի արմատների մասին, ասաց, որ այդ երգերը հաճախ հյուսվում էին գեղջկական միջավայրում: Բայց հիմա մեր գյուղը փոխվել է և գյուղացին չի ապրում այնպես, ինչպես մեկ դար առաջ։

 

 

«Ինքը երգով չի ուղեկցում իր կենցաղը: Երգը ծնվում էր հենց կենցաղում: Նա աշխատելիս երգում էր, ողբալիս երգում էր, նանիկ ասելիս երգում էր: Մենք այսօր ունենք այն նմուշները, որոնք պետք է ուղեկցեն մեզ, պետք է մեր գենետիկական ճաշակը զարգացնեն»,– ասաց նա:

 

Ասուլիսի մյուս բանախոսը երգչուհի, արվեստի վաստակավոր գործիչ Անուշ Արշակյանը անդրադառնալով ժողովրդական երգին շեշտեց, որ հայ ազգը շատ դարեր շարունակ ինքնաարտահայտվել է երգի միջոցով և երգը կազմում է ազգային պայքարի մի մասը։

 

 

«Մենք այսօր չենք կորցրել մեր մշակույթը, պարզապես ավելի շատ տարվում ենք արտաքին աշխարհի կողմից մատուցվող արժեքներով»,- ասաց բանախոսը և ասուլիսը եզրափակեց իր գեղեցիկ կատարումով:

Նույն շարքից