Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ հայկական խաչքարի օծման արարողություն: Խաչքարը հանդիսանում է ՀՀ կառավարության նվերը ՄԱԿ-ին:
Միջոցառմանը մասնակցում էին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արեւելյան թեմի առաջնորդներ Խաժակ Արքեպիսկոպոս Բարսամյանն ու Օշական Արքեպիսկոպոս Չոլոյանը, ՄԱԿ-ի անդամ պետությունների, քարտուղարության, տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր, լրագրողներ։
Միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում դեսպան Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին միջնադարյան պատմության այդ հոյակապ խորհրդանիշի` խաչքարի oծմանը մասնակցելու համար եւ նշեց, որ 12-ից 13-րդ դարերում կերտված այդ խաչքարը խորհրդանշում է հայ ժողովրդին՝ միավորված ազգերի ընդհանուր տանիքի ներքո: Դեսպան Մնացականյանը նշեց, որ խաչքարերը, հանդիսանալով հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ինքնության անբաժան մաս, 2010թ. ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի հատուկ պահպանության ենթակա ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Դեսպանը հավելեց, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի այդ որոշումից ընդամենը մի քանի տարի առաջ Նախիջեւանում բարբարոսաբար ավիրվեցին Հին Ջուղայի գերեզմանատան նշանավոր խաչքարերը։ Ըստ դեսպանի` հայոց պատմության ընթացքում եղել են ոչնչացման ու ավերածությունների փուլեր, այն ականատես է եղել սարսափելի եղեռնագործության, սակայն հայ ժողովուրդը մնացել է կանգուն, ցուցաբերել տոկունություն, սեր ու հավատ կյանքի նկատմամբ։
Ելույթ ունեցավ նաեւ «Metropolitan» արվեստների թանգարանի միջնադարյան արվեստի եւ վանքերի բաժնի բյուզանդական արվեստի համակարգող Հ․Էվանսը, ով անդրադարձավ խաչքարի նշանակությանը եւ ներկայացրեց Գեղարդի վանքից բերված այդ խաչքարի պատմությունը։