Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում կկայանան համերգներ` նորվեգացի ու արցախցի երաժիշտների մասնակցությամբ` ապրիլի 17-ին Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում, ապրիլի 18-ին` ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում, հայտնում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը։
Հաղորդման համաձայն` համերգները կկայանան Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։
Համերգներին կմասնակցեն Նորվեգիայից հրավիրված երաժիշտներ Մարինա Կան Սելվիկը (դաշնակահար), Մաթիաս Ենտոֆտը (ջութակ), Յակոբ Դինգստադը (ալտ), ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության նախարարության զինծառայողները, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ, դուդուկահարներ Գեորգի Մինասյանը, Արթուր Մկրտումյանը և քամանչահար Ռաֆայել Շահբազյանը։
Համերգներին զուգահեռ Սայաթ–Նովայի անվան երաժշտական քոլեջում կանցկացվեն դաշնամուրի վարպետության դասեր և դասախոսություններ նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի կյանքի և գործունեության մասին։
«Նմանատիպ միջոցառումները խթանում են մշակութային երկխոսության զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաև հնարավորություն են ընձեռում Արցախի ժողովրդին իրենց երախտապարտությունը հայտնել Հայոց ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած, հազարավոր որբացած երեխաներին ապաստան տված և պաշտպանած բոլոր միսիոներներին»,– ասվում է հաղորդման մեջ։
Նորվեգացի արվեստագետների հետ համագործակցությունը սկսվել է 2011 թվականին, մասնավորապես, դաշնակահար Մարինա Կան Սելվիկն իր ամուսնու, նորվեգացի կոմպոզիտոր Էսպեն Սելվիկի հետ Արցախում մասնակցել է նորվեգացի գիտնական, բևեռախույզ և մեծ մարդասեր Ֆրիտիոֆ Նանսենի 150–ամյակին նվիրված միջոցառումներին, իսկ Արցախի պետական կամերային թատրոնը 2012 թվականին համերգներով ելույթ է ունեցել նորվեգական Բերգեն քաղաքում։