Ապրիլի 16-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը մասնակցել է Քուվեյթի հայ Ազգային վարժարանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որին մասնակցել են նաև Հայ առաքելական եկեղեցու Քուվեյթի թեմի առաջնորդ Մասիս Ծայրագույն Վարդապետ Զոփույանը, Քուվեյթի հայ ազգային կառույցների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Բացման խոսքով հանդես է եկել գերապատիվ Տեր Մասիս Զոփույանը, ով իր ելույթում շնորհակալություն է հայտնել ՀՀ դեսպանությանն ու անձամբ դեսպանին` մշտապես հայ համայնքի կողքին գտվելու և գործուն աջակցություն ցուցաբերելու համար:
Այնուհետև ասմունքի և երգեցողության անհատական ու խմբային ելույթներով հանդես են եկել դպրոցի տարբեր տարիքի սաները, հնչեցին ազգային-հայրենասիրական երգեր, հատվածներ հայ մեծանուն բանաստեղծներ Պարույր Սևակի և Հովհաննես Շիրազի ստեղծագործություններից:
Միջոցառման մասնակիցները` դեսպան Չարչօղլանի և ծայրագույն Վարդապետ Զոփույանի առաջնորդությամբ, ծաղիկներ են զետեղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խորհրդանշական անշեջ կրակի մոտ, որին հետևել է մոմավառության արարողություն: