System Of A Down ռոք–խմբի` ապրիլի 23–ին Հանրապետության հրապարակում նախատեսված համերգին կարող է ներկա լինել շուրջ 50 հազար մարդ, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը։
System Of A Down–ն ռոք խումբը հետևողական պայքար է մղում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար։ Խմբի համերգը կսկսվի տեղական ժամանակով ժամը 20։10–ին։ Համերգը կանցկացվի «Արթնացրեք հոգիները» նշանաբանի ներքո։
Սարգսյանի խոսքով` Հանրապետության հրապարակ հնարավոր կլինի մտնել միայն Շահումյան հրապարակից` Վազգեն Սարգսյան փողոցի կողմից։
«Համերգի մուտքն ազատ է, սակայն մասնակիցների ընդհանուր թիվը սահմանափակ է լինելու։ Ելնելով անվտանգության նկատառումներից` հրապարակի մուտքը կփակվի այն ժամանակ, երբ հանդիսատեսի թիվը կհասնի 50 հազարի», – ասաց նա։