Կաննի 68–րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում կլինեն նաև Սոֆի Մարսոն և Կսավիե Դոլանը։ Փառատոնը կմեկնարկի մեկ ամսից, նշվում է կինոփառատոնի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրանցից բացի, ֆիլմերը կգնահատեն նաև դերասանուհիներ Սիենա Միլերը, Ռոսի դե Պալման, կոմպոզիտոր Ռոկիա Տրաորեն, ռեժիսոր Գիլերմո դել Տորոն և դերասան Ջեյք Ջիլենհոլը։
Կինոփառատոնի ժյուրիի կազմը կգլխավորեն հայտնի ամերիկացի ռեժիսորներ և սցենարիստներ Իտան և Ջոել Կոենները։ Այս մասին կազմակերպիչները տեղեկացրել էին դեռ հունվարի վերջին։
Կինոփառատոնը կանցկացվի Կաննում մայիսի 13–24–ը։ Այս տարի փառատոնը կմեկնարկի ֆրանսիացի ռեժիսոր և դերասանուհի Էմանուել Բերկոյի «Գլուխը բարձր» ֆիլմով։