Մշակույթ 

Աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան ժամանեց Հայաստան

Աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան արդեն Հայաստանում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից`  լրագրողների հետ զրույցում օպերային երգչուհին նշեց.

«Զգացմունքներն ինձ պարուրում են, որովհետև Ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Մենք ոգեկոչելու ենք ցավալի տարեթիվը, և ես կարծում եմ, որ այս տարեթիվը պետք է որ լինի բեկումնային: Մարդիկ ուղղակի պետք է հասկանան, ընդունեն, գիտակցեն և այդ պահին սկսեն ապրել նոր ձևով, որովհետև մեզ բոլորիս խաղաղություն է պետք, մեզ բոլորիս պետք է երեխաներ մեծացնել և ատելությունը սպանել: Պատմության տարբեր ժամականերում տարբեր ժողովուրդներ կռիվ էին տալիս միմյանց դեմ, և դա սարսափելի էր:

Այն, ինչ եղավ 100 տարի առաջ, սարսափելի ցեղասպանություն էր, բայց մեր երեխաների ապագայի համար պետք է պարզապես ապրել և հիշել այն մար դկանց, ովքեր զոհվել են: Ես գիտեմ, որ այսօր Ցեղասպանության նահատակները սրբադասվել են, և դա ամենակարևորն է: Նրանց հոգիները կարող են լինել փոքր-ինչ հանգստացած»:

 

Մարիա Կուլեգինան նաև շեշտեց, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Սոպրանոն «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հանդես կգա Հայաստանում: Համերգը տեղի կունենա ապրիլի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Գուլեգինան  ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի  և մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ:

Ծրագրում կհնչեն հատվածներ Ջուզեպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի, Ումբերտո Ջիորդանոյի օպերաներից: Մարիա Գուլեգինայի (աղջկական ազգանունը՝ Մեյթարջյան)  հայրը հայ է, իսկ մայրը՝ ուկրաինացի: Ծնվել է 1959 թվականին Օդեսայում: 1983 թվականից սկսել է ակտիվ գործունեություն ծավալել: Հանդես է եկել տարբեր երկրներում, մի շարք մրցույթների դափնեկիր է:

Նույն շարքից