Առողջապահություն 

2015թ.–ի առաջին երկու ամսում կատարվել է սրտի 270 անհետաձգելի վիրահատություն

Հայաստանի հիվանդանոցներում 2015թ.–ի հունվար–փետրվարին կատարվել է սրտի 270 անհետաձգելի վիրահատություն, չորեքշաբթի լրագրողներին ասաց Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։

 

 

Նրա խոսքով` նախագծի իրականացումից առաջ անցկացվել են մի շարք հետազոտություններ և քննարկումներ։ Վիրահատությունները ծրագրի շրջանակում անցկացվում են սուր ինֆարկտի դեպքում, որն իրական սպառնալիք է ներկայացնում հիվանդի կյանքին։

 

 

ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանն իր հերթին նշեց, որ ամենաշատ վիրահատությունները կատարվել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում` 107 վիրահատություն` ստենդավորմամբ և երկու վիրահատություն` կրկնակի ստենդավորմամբ։



«Մալաթիա» բժշկական կենտրոնում կատարվել է ստենդավորման 51 վիրահատություն (որոնցից երկուսը կրկնակի ստենդավորմամբ)։ «Նորք Մարաշ» բուժկենտրոնում կատարել են ստենդավորման 47 վիրահատություն, որոնցից երեքը` կրկնակի ստենդավորմամբ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիվ 1 համալսարանական կլինիկայում կատարվել է ստենդավորման 31 վիրահատություն (որոնցից մեկը կրկնակի ստենդավորմամբ)։ Վիրահատություններ են կատարվել նաև Հայաստանի մարզերում, «Գյումրի» բուժկենտրոնում` ստենդավորման 14 վիրահատություն (երկուսը կրկնակի ստենդավորմամբ), Գորիսի հայ–ֆրանսիական սիրտ–անոթային կենտրոնում` ստենդավորման 5 վիրահատություն։


Ծատուրյանի խոսքերով` վիրահատվել է Երևանի 151 և մարզերի 119 բնակիչ, որոնց թվում` 210 տղամարդ և 60 կին։ Հիվանդների միջին տարիքը 63–ն է։


Այս ծրագրից կարող են օգտվել Հայաստանի քաղաքացիները, իսկ բացառիկ դեպքում, առողջապահության նախարարի որոշմամբ, ուրիշ երկրների քաղաքացիներ։


Նույն շարքից