Առողջապահություն 

«Դեղերի մասին» նոր օրենքը կարգավորելու է դեղերի ամբողջ շրջանառության խնդիրները. Արմեն Մուրադյան

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Դեղերի մասին», «Լիցենզավորման մասին» և ևս հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Օրենքների փոփոխությամբ ակնկալվում է էապես բարձրացնել դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիությունը, բնակչությանն ապահովել որակյալ, արդյունավետ և անվտանգ դեղերով: Ինչպես այսօր  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը «Դեղերի մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 1998թ-ին, չի  համապատասխանում ոլորտում առկա այսօրվա  մարտահրավերին, փոփոխվող շուկայի պահանջներին:



«Նոր օրենքում մասնավորապես այնպիսի խնդիրներ են ներառվել, ինչպիսին են՝ դեղատոմսով դեղերի հետ կապված շրջանառությունը ապահովող դրույթներ, գովազդի մասին դրույթներ, դեղերի պետական կարգավորում, գրանցման, վերագրանցման մասին վերաբերվող հարցեր և այլն: Օրենքը վերաբերվում է սկսած դեղերի ստեղծումից մինչև սպառող հասնող ողջ շրջանառությունը՝ դեղի ստեղծում, արտադրանք, կլինիկական հետազոտություններ, պահեստավորում, տեղափոխում, դուրս գրում»,- ասաց նախարարը:



Արմեն Մուրադյանը նաև նշեց, որ նոր օրենքով փոփոխություններ են նախատեսված նաև  վարչական իրավախախտումների ոլորտում, այսինքն՝ ոլորտում խախտումներ թույլ տվողները ավելի խիստ են պատժվելու, քան ներկայումս:



«Յուրաքանչյուր դեպքի համար խիստ մոտեցումներ են լինելու և սրանով ինչպես սպառղների շահերը, այնպես էլ ընդհանուր շրջանառությունը կկարգավորվի»,- ասաց նա:



Ինչ վերաբերվում է դեղորայքի գներին, ապա նախարարը նշեց, որ գների կանոնակարգում այսօրն էլ է տեղի ունենում:



«Կան դեղեր, որոնք մեր նոր տնտեսական տարածքում բավական ցածր գներով են վաճառվում, մենք համապատասխան կանոնակարգերով փորձում ենք այնպիսի լուծումներ տալ, որ դեղերի որակը հաստատելով նաև մատչելիություն ապահովենք: Առանձին դեղագործական կազմակերպություններ արդեն հայտարարել են, որ դեղերի գների իջեցում տեղի է ունենալու»,- ասաց նա:

Նույն շարքից