Առողջապահություն 

Հայաստանի բնակիչների մահվան դեպքերի մոտ կեսի պատճառը սիրտ–անոթային հիվանդություններն են․ նախարար

Հայաստանի բնակիչների մահվան դեպքերի մոտ կեսի պատճառը սիրտ–անոթային հիվանդություններն են, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։



«Հայաստանում մահվան դեպքերի 80 տոկոսը պայմանավորված է երեք հիմնական հիվանդություններով` սիրտ–անոթային (48 տոկոս), ուռուցքաբանական (20 տոկոս) և շաքարային դիաբետով (12 տոկոս)։ Փաստորեն ամեն երկրորդի մահի պատճառը սիրտ–անոթային հիվանդություններն են», – չորեքշաբթի նշեց նախարարը Երևանում սրտաբանների X վեհաժողովի բացման ժամանակ։



Նրա խոսքով` վերջին 25 տարում սիրտ–անոթային հիվանդություններով հիվանդացության մակարդակն աշխարհում ավելացել է 70 տոկոսով, և դա լուրջ մարտահրավեր է ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային առողջապահական համակարգի համար։ «Հայ սրտաբանները ընդունել են այս մարտահրավերը։ Եվ ես հպարտությամբ պետք է նշեմ, որ սրտաբանությունը մեր երկրում վերջին տասնամյակում ակտիվորեն զարգանում է», – ավելացրեց Մուրադյանը։



Նախարարն ընդգծեց, որ այս ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարությունն այս տարի գործարկել է երեք ծրագիր։ Նրա խոսքով` դրանցից առաջինը համալիր բժշկական զննման «Check Up» փորձնական պիլոտային ծրագիրն է, որն իրականացվում է սոցփաթեթների շրջանակում։



Երկրորդը ՀԲ–ի վարկային միջոցներով իրականացվող ծրագիրն է, որն ուղղված է երեք տարվա ընթացքում հանրապետության բնակչության զանգվածային սկրինինգի անցկացմանը (առաջնային զննում)։ «Հույս ունենք, որ այս ծրագրի օգնությամբ մեզ կհաջողվի ընդգրկել բնակչության մոտ 50 տոկոսը և վաղ փուլում կանխել հիվանդությունների զարգացումը», – ասաց Մուրադյանը։



Ւնչպես նշեց Մուրադյանը, երրորդ ծրագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթներից մեկն է, այն մեկնարկել է հունվարի 1–ին։ Դա սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրն է, որով վիրահատվել է մոտ 450 մարդ։



ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախաձեռնութայմբ ապրիլի 15–17–ը անցկացվում է «Սիրտ–անոթային հիվանդությունների պաթոգենեզի, ախտորոշման, բուժման և կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով  X հոբելյանական վեհաժողովը։ Վեհաժողովի շրջանակներում կկազմակերպվեն սիմպոզիումներ, որոնց ընթացքում դեղագործական ընկերությունները կներկայացնեն վերջին նվաճումները, բուժման ռազմավարության նոր մոտեցումները։



Բացման արարողությանը մասնակցել են ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ու Ակադեմիայի նախագահության անդամները, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միխայիլ Նարիմանյանը։

Նույն շարքից