Առողջապահություն 

18 աշխատակիցների բրուցելոզով վարակվելու դեպքով հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն առաջացրել է «Գյուղարտ» ՓԲ ընկերության թվով 18 աշխատակիցների զանգվածային հիվանդացում։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Կապանի «Գյուղարտ» ՓԲ ընկերության թվով 18 աշխատակիցներ ընկերության սպանդանոցում կատարված մանր եղջերավոր անասունների մորթման, մորթազերծման եւ մսամթերքի մշակման ընթացքում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հետեւանքով հիվանդացել են «Բրուցելոզ» հիվանդությամբ, որն ախտորոշվել է վերջիններիս արյան կենսաքիմիական հետազոտության արդյունքներով:

Նյութերով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կապանի «Գյուղարտ» ՓԲ  ընկերության առանձին աշխատակիցների կողմից խախտվել են սանիտարահակահամաճարակային կանոնները, որն առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում։

Նախապատրաստված նյութերով ապրիլի 9-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

18 անձ ճանաչվել է որպես տուժող։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել փորձաքննություններ:

Նույն շարքից