Իրավական 

Ոստիկանները ցուցմունք կորզելու նպատակով ճնշել են կնոջը.

analitik.am

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդման քննարկմամբ տեղեկություններ են ձեռք բերվել, որ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցները  մեղադրյալ Գևորգ Մ.-ի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով սպառնալիքներ և ճնշումներ են գործադրել վկա Գայանե Խ.-ի նկատմամբ, իսկ  հետագայում վերջինիս մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ընթացքում  քննիչն արձանագրել է  իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

 

Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։

 

Բացի այդ, ոստիկանության աշխատակիցներն  առանց թույլտվության  խուզարկել են Արմեն Թ.-ի ավտոմեքենան և թմրամիջոց հայտնաբերելուց հետո առանց արձանագրելու նրան ավտոմեքենայով տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ հայտնաբերված թմրամիջոցը դրել են ավտոմեքենայի մեջ ու այդ մասին տեղեկացրել  վերջինիս: Այնուհետև հրավիրված  երկու  ընթերակաների ներկայությամբ Արմեն Թ.-ն  թմրամիջոցը  դուրս  է  բերել  ավտոմեքենայի միջից և հայտարարել, որ այն  իրեն  է տվել  ոմն Գևորգը:

Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու  դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից