Իրավական 

Ադրբեջանում ևս մեկ լրագրողի դեմ դատական գործ է սկսվել

analitik.am

Ադրբեջանի Իսմայիլի շրջանի դատարանը երեկ քննել է «Ադրբեջանական ժամ» ինտերնետային պարբերականի աշխատակից Էլչին Իսմաիլիի դեմ գործը:

 


Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, լրագրողը մեղադրվում է պատվի ու արժանապատվությունը վիրավորելու համար: 

 


Դատարան է դիմել «Չեռնոբիլի հաշմանդամների» Իսմայիլի մասնաճյուղի ղեկավար Մելեյկա Լաթիֆովան, որը նյութական փոխհատուցում է պահանջում: Այս դատական նիստի ժամանակ պարզվել է, որ դատարան է դիմել ևս մեկը՝ դպրոցական համազգեստի կարի ֆաբրիկայի ղեկավար Լաթաֆեթ Մամեդովան: Նա ևս վիրավորանքի համար նյութական փոխհատուցում է պահանջում:

 


Երկու կանայք էլ պահանջում են, որ Իսմայիլի շրջանի բնակիչներին սոցցանցերում վիրավորելու համար «Ազադլըգ» թերթում ներողություն հրապարակվի:

 


Սակայն լրագրողը պնդում է, որ որևէ կապ չունի բնակիչների մասին գրառման հետ: «Ինչ վերաբերում է «Ազադլըգ» թերթին, ապա այն առհասարակ Իսմաիլիի մասին նյութ չի տպագրել, իսկ այդ բողոքները նպատակաուղղված են իմ լրագրողական գործունեությունը սահմանափակելուն: Իմ հետապնդման իրական պատճառը շրջանի բնակիչների բողոքների մասին տեսանյութերն են, որտեղ խոսվում է նրանց խնդիրների մասին և որը ցուցադրվել է «Ադրբեջանի ժամում», - ասել է Էլչին Իսմայիլին:

 

 

 

Նույն շարքից