Իրավական 

Գյումրիում իրար հաջորդած սպանությունների քրգործերը միացվել են մեկ վարույթում

analitik.am

Գյումրի քաղաքի բնակիչներ Ք. Վարդանյանի և Ս. Հակոբյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթ, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, շարունակվում է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում։ 

 

 

 

Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 7-ի առավոտյան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին հարակից ձորակում հայտնաբերվել է «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենա, որի ետևի նստատեղին հայտնաբերվել է վարորդի՝ 1984 թվականի ծնված Քրիստ Վարդանյանի դիակը հրազենային վնասվածքներով: 

 

Նշված դեպքի առթիվ մարտի 7-ին Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

 

2015թ. մարտի 8-ի առավոտյան Քեթի գյուղի վարչական տարածքում` Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 7.6-րդ կմ Հատվածին կից ձորակում, հայտնաբերվել է 1981 թվականի ծնված Սամվել Հակոբյանի դիակը՝ մահվան հասցնող բռնության հետքերով: 

 

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում մարտի 8-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

 

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ք. Վարդանյանը և Ս. Հակոբյանը ճանաչել են միմյանց, և մարտի 6-ի երեկոյան վերջինս եղել է Ք. Վարդանյանի տանը։

 

Ժամը 22:00-ի սահմաններում Ս. Հակոբյանը գնացել է, մի քանի րոպե հետո տնից դուրս է եկել նաև Ք. Վարդանյանը՝ «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայով: Մարտի 7-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, նրանց հեռախոսահամարներն անհասանելի են եղել, և հարազատներին այլևս չի հաջողվել հեռախոսակապ հաստատել նրանց հետ։ 

 

Դիակների արտաքին և ներքին զննության արդյունքներով դատաբժիշկների գնահատմամբ Ք. Վարդանյանի և Ս. Հակոբյանի մահը վրա է հասել գրեթե նույն ժամանակահատվածում:

 

Հիմք ընդունելով նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները՝ նախաքննությամբ մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնց թվում է նաեւ Ք. Վարդանյանի և Ս.Հակոբյանի սպանությունները նույն անձի կամ անձանց կողմից կատարված լինելը։ 

 

Նախաքննության արդյունավետությունն ապահովելու համար որոշում է կայացվել հիշյալ քրեական գործերը միացնել մեկ վարույթում և քննությունը շարունակել մեկ քրեական գործի շրջանակներում, իսկ նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը:

Նույն շարքից