Իրավական 

Դատապարտյալները «նշում են» Երրորդմասցի Լյովիկի մահը. քրեական աշխարհի ներկայացուցիչները զայրացած են

analitik.am

Armlur.am հայտնոմ է, որ տեղեկություններ են հասել, թե որոշ ժամանակ առաջ անազատության մեջ գտնվող մի քանի անձինք «նշել են» մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում հայտնի քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկի (Լևոն Ղազարյան) և նրա ընկերների` Մոսոյի (Մեսրոպ Նազարյանց) և Դերոյի (Դերենիկ Թադևոսյան) սպանությունը:


Այսպես, շրջանառվող լուրերի համաձայն` օրերս նման արտառոց դեպք է գրանցվել Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ-ում: Քրեակատարողական հիմնարկի «զոն նայողը»` Նվեր Կիրակոսյանը, ով առավել հայտնի է Նորագյուղցի Նվերիկ անունով, այնտեղ պատիժ կրող դատապարտյալներին, այսպես ասած, «աչքալուսանք» է տվել այն առիթով, որ իրեն նման բարձր «պաշտոն շռայլած» Օշականցի Գևորիկին (Գևորգ Մելիքյան) ապտակողն արժանի պատասխան է ստացել:


Այս հանգամանքը, ըստ տարածված լուրերի, զայրացրել և վրդովեցրել է քրեական աշխարհի մի շարք ներկայացուցիչների: Նրանցից բացի` խիստ զայրացած է նաև այս պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող Արմեն Արշակյանը, ով առավել հայտնի է Ամերիկացի Արմեն անունով: Վերջինս համարվում է Երրորդմասցի Լյովիկի մերձավորներից, և նախկինում, երբ տեղի ունեցավ Օշականցի Գևորիկ-Երրորդմասցի Լյովիկ հայտնի առճակատումը, լարված հարաբերությունների մեջ է հայտնվել Նորագյուղցի Նվերիկի հետ:


Այդ ժամանակ Ա. Արշակյանը գտնվում էր «Արթիկ» ՔԿՀ-ում, որտեղ դատապարտյալների միջև տեղի ունեցած թեժ ծեծկռտուքից հետո նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:


Այս խմորումներն առաջացել են երկու ազդեցիկ քրեական հեղինակությունների միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով: Տեղեկացնենք, որ խոսակցություններ կան, թե դատապարտյալ Նվեր Կիրակոսյանի և «Արթիկ» ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանի հարաբերությունները լարված են. թերևս, սա է պատճառը, որ ՔԿՀ ղեկավարությունը չի կարողանում «սանձել» անազատության մեջ գտնվողին, ինչն էլ ամենաթողության պատճառ է դառնում: 


Այստեղ հարց է առաջանում` եթե շրջանառվող լուրերն ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը, ապա ինչպե՞ս է ստացվում, որ դատապարտյալը կարողանում է առանց որևէ խոչընդոտի ծխախոտ հյուրասիրել իր բախտակիցներին, այն էլ ինչ-որ մեկի մահվան առթիվ: Գուցե, նրա «մեջքն» անհաղթ է, դժվար է ասել:


Մնում է սպասել` ինչ կպարզվի այս արտառոց լուրերի շրջանակներում, և ինչ նոր իրադարձությունների պատճառ դրանք կդառնան: 

Նույն շարքից