Իրավական 

Բացահայտվել է ստվերային ձեռնարկատիրության խոշոր դեպք և գանձվել 25 մլն դրամ տուգանք. Ֆիննախ

analitik.am

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը 2014 թվականի ընթացքում նախարարության մյուս ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգումներ: Արդյունքում արձանագրվել և պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 7 միլիարդ դրամ: Իսկ օպերատիվ-հետախուզական 215 միջոցառմամբ արձանագրվել և գանձվել է ավելի քան 306 միլիոն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն:



 

Ձեռնարկված հերթական միջոցառման ընթացքում 8-րդ բաժնի աշխատակիցներն ուշագրավ դեպք են բացահայտել` առանձնապես խոշոր չափի ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն:



Ըստ ՕՀՎ 8-րդ բաժնի գլխավոր օպերլիազոր Արսեն Ավանեսյանի, ստացված տեղեկություններից պարզվել է, որ արտերկրում գրանցված ընկերությունն առանց Հայաստանի հարկային մարմիններում հաշվառվելու, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հատուկ հսկողության գոտում իրականացրել է տեխնիկական սպասարկում` խուսափելով հարկային պարտավորություններից։ Ընկերության հասույթի ստացումն, ինչպես նաև ընկերության աշխատակիցների աշխատավարձերի վճարումները իրականացվել է ՀՀ տարածքից դուրս գտնվող բանկային հաշվեհամարների միջոցով:



 

Ստվերային գործունեության հետևանքով 8-րդ բաժնի կողմից ընկերությանն առաջադրվել է առանձնակի խոշոր չափի տուգանք, ինչն ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե:



«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել և ՀՀ պետական բյուջե է գանձվել տուգան ք՝ համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26 հոդվածի` ընկերության կողմից ստացված հասույթի 50 տոկոսի չափով՝  շուրջ 25 մլն դրամ»,-տեղեկացրել է Արսեն Ավանեսյանը:

Նույն շարքից