Ավետիսյանների տանը հայտնաբերվել է 28 պարկուճ։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողներին ասաց Ավետիսյանների ընտանիքի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը՝ հրապարակելով դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը։
«Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների տանը հայտնաբերված զենքից են արձակվել բոլոր կրակոցները»,- ասաց նա։ Նա հայտնեց, որ առկա է նաեւ դատակենսաբանական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ դեպքի վայրում հայտնաբերված հագուստի եւ Պերմյակովի քրտինքները խմբային պատկանելիությամբ համընկնում են։ Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։
Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: