Իրավական 

Չգիտեմ, թե մեր իրավապահներն առաջիկա ժամերին ինչով են զբաղված եղել, որ Պերմյակովը հայտնվել է ռուսական կողմի մոտ. Լուսինե Սահակյան

analitik.am

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով դատաձգաբանական և դատակենսաբանական եզրակացությունների մասին այսօր մամուլի ասուլիսին որոշ տեղեկությունների ներկայացրին տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանը: 



Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի էր ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։



Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ ավելի ուշ մահացել էր։ Սպանության կասկածանքով ռուսական կողմը ձերբակալել էր Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին, ով պահվում է բազայում։



Լուսինե Սահակյանը նշեց, որ ըստ դատաձգաբանական եզրակացության՝ դեպքի վայրում հայտնված հրազենից են արձակված եղել բոլոր կրակոցները, և դրանք արձակվել են մեկ  զենքից, որը ամրակցված է եղել Պերմյակովին: Նա ասաց, որ պատրաստ է նաև դատակենսաբանների պատասխանը, և նրանք կարող են պատասխանել այն հարցին, թե արդյոք հագուստները, կոշիկները, որոնց վրա առկա է եղել Պերմյակովի անունը միանշանակ պատկանել են նրան:



Փորձագետի եզրակացությունը պարզել է, որ Պերմյակովի քրտինքը և հագուստի ու  կոշիկների եղած քրտինքը խմբային պատկանելիությամբ նույնն են:



«Սակայն սրանով ևս չենք կարող ասել, որ հագուստները և կոշիկները միանշանակ պատկանել են Պերմյակովին, և այդ հարցի հարյուր տոկոսանոց պատասխան կտա  դատագենետիկական փորձաքննությունը»,-ասաց նա:



Երեմ Սարգսյանն ասաց, որ իրենք միջնորդելու են, որ դեպքի վայրում հայտնաբերված հեռախոսները ճանաչման ներկայացվեն տուժողների իրավահաջորդներին: Նա նաև հայտնեց, որ այս պահին այդ հեռախոսները գտնվում ռուսական կողմի մոտ:



Հարցին, թե Պերմյակովի հոգեկան առողջության վերաբերյալ որևէ եզրակացություն կա՞, Լուսինե Սահակյանն ասաց, որ ՀՀ-ում իրականացվող քննությունը դեռևս չի նշանակվել փորձաքննություն, և իրենք՝ տուժողների ներկայացուցիչներով, քննարկում են նման միջնորդություն ներկայացնելու հարցը, սակայն դա ևս պետք է համապատասխան փուլում լինի:

 

 

Նա նշեց, որ տեղյակ չեն, թե ռուսական կողմը ինչ փորձաքննություն է իրականացրել և դեռ  խլացուցիչ օգտագործման մասին եզրակացություն  չկա:



Ինչ վերաբերում է քննության նկատմամբ եղած վստահությանը, ապա Երվանդ Վարոսյանն ասաց, որ վարույթ իրականացնող մարմինն իրենց հետ համագործակցության եզրեր կարողանում է գտնել. թույլ են տվել ներկա լինել բոլոր փորձաքննություններին:



«Արդյունքների վերաբերյալ գնահատականներ տալու համար դեռ վաղ է»,-ասաց նա:



Անդրադառնալով Պերմյակովի՝ ռուսական կողմից հայտնաբերմանը, Լուսինե Սահակյանն ասաց. «Չգիտեմ, թե մեր իրավապահներն առաջիկա ժամերին ինչով են զբաղված եղել, որ Պերմյակովը հայտնվել է ռուսական կողմի մոտ: Մեր ոստիկանությունն ասում է, թե հիանալի օպերացիա են իրականացրել, հետաքրքիր է, թե  որ օպերացիան են նրանք համարում հիանալի: Մեր իրավապահ մարմինների անգործության պատճառով մենք ունենք մի իրավիճակ, երբ մեծագույն  ցանկության դեպքում գործի բազմակողմանի քննությունը հարցականի տակ է դրված»։


 

Նա նշեց, որ ապացույցների մի մասը հայկական կողմի մոտ է, մյուս մասը՝ ռուսական:  Ինչ վերաբերում է ՀՀ դատախազի նամակագրությանը ՌԴ դատախազի հետ, փաստաբաններն ասացին, որ դեռևս խոսք չկա Պերմյակովին՝ հայկական կողմին  հանձնելու մասին, այլ խոսքը վարույթի մասին է:  Ըստ նրանց՝ դեռ հանձնման պահանջ այս պահին պետք էլ չէ  ներկայացնել:



«Պետք է աշխատել չվնասելու սկզբունքով»,-ասաց Լուսինե Սահակյանը և նշեց, որ  երբեմն շատ հարցերի բացահայտումը, հրապարակումը կարող է վնասել գործին:

Նույն շարքից