«Այս անգամ Գնելին պապան չի փրկի. ցմահ է նստելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:
Նա հավելեց, որ գործով 4 մեղադրյալները միշտ լկտի վարքագիծ են ունեցել, հատկապես գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին՝ Գնել Թևոսյանը, որը դպրոցական տարիքում ևս մի շարք խնդիրներ է ունեցել:
«Պապայի միջոցով, փողի միջոցով պրծացրել են: Ասում են՝ մենակ նրա դպրոցի բնութագիրը կարդաք՝ կապշեք, կամ ինստիտուտում իրեն ինչպես է պահել: Դե, մտածել է՝ պապան ընդեղ ա, իրան բան ասող չկա, մի բան էլ ինքն է սերժանտներին թելադրել: Խցկվել էր ինստիտուտ, որ երկու տարի սահմանին չլիներ»,- ասաց Արկադի Բարսեղյանը:
Ըստ նրա՝ գլխավոր մեղավոր գնդապետի որդին պետք է ցմահ քրեակատարողական հիմնարկում մնա.« Որ ոչ թե Հայկազ Բարսեղյանի ծնողները հանգիստ լինեն, այլ պետությունը հանգիստ լինի, որ նման քայլի գնալ ցանկացողները հետ կանգնեն սխալ ճանապարհից»,- ասաց նա:
Հայկազ Բասեղյանի ծնողները չեն զարմացել, որ փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ մեղադրյալներն էլ խմած են եղել: Արկադի Բարսեղյանը նշեց նաև, որ չեն զարմանում, որ մեղադրյալների փաստաբանները փորձում են ներկայացնել, թե իրենց պաշտպանյալները մեղավոր չեն, նախնական ցուցմունքը բռնությունների արդյունքում են տվել. «Դե, իրանց փող են տվել պիտի հարազատներին ցույց տան, որ աշխատում են , իրենք էլ ճշմարտությունը գիտեն, ավելի լավ է մեղքը ընդունեն, հետո արդեն դատարանում իրանց համար է վատ լինելու»,- նշեց Արկադի Բարսեղյանը:
Նա նաև նշեց, որ ապշած է նաև գործով մյուս մեղադրյալ Վաչե Սահակյանի այն պնդումներից , թե Հայկազի ընկերն է եղել. «Նա ամենավերջին տականքի նման հայտարարում է ,որ ընկերներ են եղել, բա ո՞ր ընկերներ էին , ինչի գնդապետի տղայի հետ սպանեց , սանյակում եղածները, վկանները սաղ պատմել են, էնքան վախեցած են եղել, որ չեն կարողացել անգամ միջամտել»,- ասաց նա:
Արկադի Բարսեղյանը նաև նկատեց, որ գործի շրջանակներում քննիչները լավ են աշխատում. «Քննությունը նորմալ ընթանում է, ինձ շատ բան դեռ չեն հրապարակում , ասում, բայց փաստաբանը հետևում է»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք՝ Հայկազ Բարսեղյանի համակուրսեցիներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։