Իրավական 

Airbus A320-ի օդաչուն միտումնավոր ցանկացել է կործանել ինքնաթիռը. Մարսելի դատախազ (լուսանկար)

Ֆրանսիական Ալպերում կործանված Germanwings ավիաընկերության օդանավը, ըստ երևույթին, միտումնավոր կործանել է երկրորդ օդաչուն: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը՝ «սև արկղերից» ստացված տվյալների արդյունքներով, հայտնում է The Guardian-ը:


 

Օդաչուն, ով միայնակ վերահսկել է Airbus A320-ն օդաչուների խցիկից օդանավի հրամանատարի դուրս գալուց հետո, հրաժարվել է բացել դուռը և սեղմել է կոճակը, որի պատճառով ինքնաթիռը սկսել է կտրուկ վար իջնել և ի վերջո կործանվել է: Օդաչուն ողջ է եղել մինչև վերջին պահը:

 


«Մտադրությունը եղել է կործանել այդ օդանավը»,- ասել է նա:

 


Դատախազը հայտնել է, որ 28-ամյա օդաչուն ազգությամբ գերմանացի է եղել, անունը՝ Անդրեաս Լուբից: Նրա մասին որպես ահաբեկիչ հայտնի չի եղել:

 


«Մենք տպավորություն չենք ստացել, որ խցիկում խուճապ է եղել»,- ասել է նա:

 


Դատախազը նշել է, որ նավապետի հեռանալուց հետո խցիկում վերջին 10 րոպեների ընթացքում կատարյալ լռություն է տիրել: Չնայած նրան, որ գլխավոր օդաչուն ծեծել է դուռը, երկրորդ օդաչուն ոչ մի կերպ չի արձագանքել:

 


Ռոբենը նշել է, որ տվյալներ չկան այն մասին, որ դա ահաբեկչական գործողություն է եղել:

 


Հիշեցնենք, որ Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող Germanwings ավիաընկերության բյուջետային Airbus A320-ը կործանվել է Ֆրանսիայի հարավ-արևելքում: Վթարի հետևանքով մահացել է 150 մարդ:

Նույն շարքից