Germanwings ավիաընկերության ինքնաթիռի կործանման համար կասկածվող օդաչու Անդրեաս Լյուբիցն ընդհանուր առմամբ մեկուկես տարի բուժում է անցել հոգեբույժի մոտ: Այդ մասին Bild գերմանական տաբլոիդը տեղեկացել է Lufthansa ընկերությունում առկա աղբյուրներից, գրում է ТАСС-ը:
Ինչպես նախօրեին հայտնել է Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը, «սև արկղի» տվյալները ցույց են տվել, որ Ֆրանսիայի հարավում A320-ի աղետը երկրորդ օդաչուի՝ Գերմանիայի 28-ամյա քաղաքացի Անդրեաս Լյուբիցի միտումնավոր գործողությունների հետևանք է դարձել:
Ինչպես կարծում են քննիչները, երկրորդ օդաչուն փակել է օդաչուների խցիկը և ներս չի թողել դուրս եկած նավապետին, այնուհետ սկսել է օդանավի իջեցումը, ինչից հետո ինքնաթիռը բախվել է լեռներին:
Lufthansa-ի գլխավոր տնօրեն Կարստեն Շտորը հայտարարել է, որ Լյուբիցը մի քանի ամսով դադարեցրել է ուսումը: Նա չի հայտնել մանրամասները, սակայն նշել է, որ դրանում «ոչ մի տարօրինակ բան» չի տեսնում:
Bild-ը պնդում է, որ դադարի պատճառը դարձել են օդաչուի հոգեկան խնդիրները: Թերթի տվյալներով՝ դեպրեսիայի պատճառով նրա մոտ խնդիրներ են առաջացել Ֆենիքսում (ԱՄՆ) Lufthansa-ի ամառային դպրոցում ուսման հետ կապված, նրան անգամ ժամանակավորապես համարել են թռիչքների համար անընդունակ:
Թերթը Լյուբիցի մոտ հոգեկան խնդիրների անուղղակի հաստատում է նշում նաև հետևյալ հանգամանքը. Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունում նրա գործի մոտ նշված է եղել նշում այն մասին, որ նա «հատուկ և կանոնավոր բժշկական հետազոտության» կարիք ունի: Նման նշում է եղել նաև օդաչուի վկայագրում: