Երեւանում մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի փառատոնը։ Փետրվարի 20-ից 26-ը Մոսկվա կինոթատրոնում 17.00-ին, 18.00-ին և 20.00-ին կցուցադրվի բրիտանական ֆիլմեր։
Փետրվարի 20-ին 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում փառատոնը կմեկնարկի «Լեդին ֆուրգոնում» ֆիլմով, որը պատմում է մեծանուն գրող Ալան Բեննեթթի և միսս Շեփերդի սիրո մասին։
Շերլոկ Հոլմսի սիրահարների համար փետրվարի 21-ին կցուցադրվի «Միստր Հոլմս» ֆիլմը:
Ծերունական տարիքում զգայական սիրո մասին պատմող «45 տարի» ֆիլմը համարվում է 2015 թվականի լավագույն կինոնկարներից մեկը: Այն Մոսկվա կինոթատրոնում կցուցադրվի փետրվարի 22-ին:
Փետրվարի 23-ին և 24-ին կցուցադրվեն վավերագրական ֆիլմեր: Մեր օրերի տաղանդավոր երգչուհի Էմի Ուայնհաուսի և հեղափոխական դերասան Մառլոն Բրանդոյի մասին պատմող ֆիլմերն այս արվեստագետներին կներկայացնեն մինչ օրս երկրպագուներին անծանոթ տեսանկյունից:
Կաննի կինոփառատոնի մրցանակակիր «Ծովախեցգետին» ֆիլմը փառատոնի շրջանակում կցուցադրվի փետրվարի 25-ին:
Փառատոնը Երևանում կեզրափակվի «Լոնդոնյան ճանապարհ» մյուզիքլով: «Լոնդոնյան ճանապարհը» վերարտադրում է 2006 թ․ Սաֆոլքում տեղի ունեցած դեպքերը։
Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար: Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ՀՀ մշակույթի նախարարությունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում: