Ռազմական 

Թուրքիան շարունակում է Սիրիայի տարածքի հրետակոծությունը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը երկրի տարածքում Սիրիայից արձակված ականանետի մեկ արկի ընկնելուն պատասխանել են 367 հրետանային հարվածով։

Թերթը նշում է, որ շաբաթ առավոտյան Սիրիայի տարածքից գնդակոծվել է Թուրքիայի տարածքը, ինչին վերջինիս զինված ուժերը պատասխանել են «Ֆըրթընա» (թարգմանաբար՝ «Փոթորիկ») հաուբիցների 261 հարվածով։

Բացի այդ, կիրակի Հաթայ նահանգի տարածքում ընկել է Սիրիայից արձակված ականանետի մեկ արկ, ինչին թուրքական կողմը պատասխանել է «Ֆըրթընայի» ևս 106 հարվածով։

Այդպիսով Թուրքիայի զինված ուժերը երկու օրում 367 հրետանային հարված են հասցրել Սիրիայի քրդերի ուժերի (YPG) 90 օբյեկտների վրա։ Թուրքական կողմի պնդմամբ՝ այդ հարվածների հետևանքով զոհվել է 150 մարդ, որոնցից 62-ը YPG-ի մարտիկներ են։ Բացի այդ, վիրավորվել է YPG-ի ևս 50 մարտիկ։

Երկուշաբթի թուրքական կողմը հասցրել է հրետանային ևս մի քանի հարված, որով և 3 օրում նրա հասցրած հրետանային հարվածների թիվը հասել է մոտ 400-ի, իսկ դրանց թիրախում գտնվող YPG-ի օբյեկտների թիվն անցել է 100-ից։

Նույն շարքից