Իրավական 

Չարբախցի Փոսի Վարդանի մահափորձը` Երրորդմասցի Լյովիկի սպանության շարունակությո՞ւն. Armlur.am

analitik.am

Երեկ` ժամը 03:00-ին, հրազենային վիրավորում ստացած 36-ամյա Վարդան Կարապետյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին Armlur.am-ին հայտնել են «Էրեբունի» ԲԿ-ից` հավելելով, որ Վ. Կարապետյանը ստացել է վնասվածքներ լյարդի և ողնաշարի ողնուղեղի հատվածում: Նա երկու վիրահատություն է տարել, այս պահին գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:



Քննչական կոմիտեից Armlur.am-ին հայտնել են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՔՕ 34-104-րդ և 235-րդ հոդվածներով, այն է` սպանության հանցափորձ և ապօրինի կերպով զենք կրել, պահել:



Դեպքի վայր ժամանած Armlur.am-ի թղթակցին Վարդան Կարապետյանի հարևանները հայտնել են, որ մոտ 2 շաբաթ առաջ իրավապահ մարմինները խուզարկել են նրանց տունը:



Զրուցակիցների փոխանցմամբ` իրենց տեղեկություններ են հասել, որ Վ. Կարապետյանի բնակարանում զենք-զինամթերք են փնտրել: Վարդան Կարապետյանը, ով շրջապատում հայտնի է «Փոսի Վարդան» մականվամբ, ուշ գիշերը աշխատանքից տուն է վերադարձել, որտեղ էլ նրան «սպասել են» հանցագործները: «Մենք կրակոցի ձայն կամ մարդկանց աղմուկ չենք լսել բացարձակապես:




Ես հենց կպած հարևանն եմ, գոնե ես մի բան լսած կլինեի, թեպետ այդ ժամանակ քնած ենք եղել»,- կայքի հետ զրույցում ասել է տուժածի դրկից տիկին Անահիտը, ով հավելել է, որ նախկինում երբևէ իրենց թաղամասում նման միջադեպեր չեն եղել, ինքն անգամ թեթև վիճաբանություններ չի հիշում. «Հնարավոր է` դրսում կռիվներ, վիճաբանություններ եղած լինեն Վարդանի մասնակցությամբ: Հստակ չեմ կարող ասել, բայց մեր տարածքում երբեք նման բաներ չեն եղել: Խելոք ընտանիք են` իրենց աշխատավարձով ապրող: Վարդանն էլ երկու անչափահաս երեխա ունի, եղբոր` Արամի ընտանիքն էլ իրենց կողքն է ապրում: Հիմա բոլորը քաղմասում են` իմ որդին էլ, Արամն էլ, մյուս հարևանն էլ: Չենք հասկանում` նրանց ինչո՞ւ են տարել, ի՞նչ պիտի հարցնեն, եթե տղաս ընդամենը ցանկացել էր իմանալ Վարդանն ինչպես է: Հարևան մարդիկ են, չիմանա՞ն` ինչ է եղել, ինչ չի եղել»:



Մյուս հարևանուհին, ով չի ցանկացել նշել իր անունը, տեղեկացրել է, որ Վարդանի հայրը` Մերուժանը, և իր ամուսինը 60-ն անց մարդիկ են և դեպքից րոպեներ անց տարվել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Հարևանները չեն բացառել նաև այն լուրերը, որ Վարդան Կարապետյանի հետ տեղի ունեցածը կարող է կապ ունենալ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ մոտ տեղի ունեցած սպանության հետ:



Զրուցակիցները սա բացատրել են այն հանգամանքով, որ թաղամասում լուրեր են շրջանառվում, թե «Փոսի Վարդանը» սպանված քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի` Լևոն Ղազարյանի ընկերն էր:

Նույն շարքից