Իրավական 

Ձերբակալվել է Կոտայքի մարզում կրակոցներ արձակած անձը

analitik.am

Մարտի 24-ին, ժամը 12.05-ին, հիվանդանոցից  ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «տրավմատիկ շոկ 1, 2, կրծքավանդակի աջ կեսի և որովայնի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1973 թ. ծնված Կարեն Ա.-ն, այնուհետև նույն օրը, ժամը 15.00-ին, հիվանդանոցից  հաղորդում է ստացվել, որ «աջ ոտնաթաթի բութ մատի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 1981 թ. ծնված Արտյոմ Ա.-ն: 

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.40-ի սահմաններում, Կարեն Ա.-ն իր երկու ընկերների հետ Արտյոմ Ա.-ին պատկանող բնակարանից փորձել են գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ ավարտին չեն հասցրել, քանի որ Արտյոմ Ա.-ն  վերադարձել է տուն և նույն շենքի բակում վիճաբանել է վերջիններիս հետ, որի ընթացքում զենքն ուղղել են նրա ուղղությամբ, ապա հանցագործները «ՎԱԶ-211200»  մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի, սակայն Աբովյան քաղաքի և Նոր-Գեղի համայնքի ճանապարհի 3-րդ կմ-ին` Պարույր Սևակի 1-ին փողոցի թիվ 13 տան դիմաց, Կարեն Ա.-ն  իջել է ավտոմեքենայից, իսկ իրեն հետապնդող Արտյոմ Ա.-ն և նրա ընկերը` 1986 թ. ծնված  Վլադիսլավ Ա.-ն փորձել են բռնել Կարեն Ա.-ին, սակայն վերջինս իր մոտ եղած ատրճանակի փողն ուղղել է Արտյոմ Ա.-ի վրա, որից հետո վերջինս կռվի է բռնվել Կարեն Ա.-ի հետ, այդ ժամանակ վերջիններս վայր են ընկել գետնին, իսկ Կարեն Ա.-ն ընկած վիճակում երկու անգամ անկանոն կրակել է ու ինքն իրեն և Արտյոմ Ա.-ին պատճառել հրազենային վնասվածք, որից հետո վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց:
 



Դեպքի վայրից հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված վեց փամփուշտով, որոնցից երկուսը կրակված վիճակում, մեկ «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս:

 

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարեն Ա.-ն ուրիշի գույքը գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով 1973 թ. ծնված Վահագ Դ.-ի և գործով ինքնությունը չպարզված անձի հետ Բյուրեղավան քաղաքի 7 շենքի բնակարաններից մեկից գողություն կատարելու նպատակով,   մարտի 24-ին, ժամը 10.40-ի սահմաններում, փորձել են հարմարեցված բանալիով բացել Արտյոմ Ա.-ին պատկանող բնակարանի դռան փականը, սակայն չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ բնակարանի ներսից լսելով ձայներ` հեռացել են, իսկ շենքի բակում հանդիպելով տանտիրոջը` Արտյոմ Ա.-ին, Վահագ Դ.-ն ձեռին եղած ապօրինի հրազեն հանդիսացող ատրճանակով սպանության սպառնալիք է տվել նրան` պահանջելով թույլ տալ իրենց հեռանալ դեպքի վայրից, որից հետո Վահագ Դ.-ի ավտոմեքենայով շենքի բակից հեռացել են, տուժող Արտյոմ Ա.-ն հետապնդել է նրանց և Նոր Գեղի գյուղում նկատել է, որ հիշյալ ավտոմեքենայից իջել է Կարեն Ա.-ն, իսկ Վահագ Դ.-ն և անհայտ անձը ավտոմեքենայով հեռացել են:

 


Կարեն Ա.-ն ձերբակալված է: Նշանակվել է ԴԲՓ:

 

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ Վահագ Դ.-ն մարտի 31-ին, ժամը 12.10-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և  տեղափոխվել է Կոտայքի բաժին:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

 

 

 

 
 
 

Նույն շարքից