Համաշխարհային գրականության մեջ կան ստեղծագործությունները, որոնք երբեք չեն կորցնում իրենց գրական արժեքն ու արդիականությունը և որոնք արժե ընթերցել: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը, որոնք ժամանակին արգելվել են և սկանդալային են անվանվել:
Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» ստեղծագործությունը համարվում է բոլոր ժամանակների ամենասկանադալին գրքերից մեկը։ Անգլալեզու այս գիրքը լույս է տեսել 1955թ-ին, երբ Վլադիմիր Նաբոկովն արդեն 56 տարեկան էր և բավականին հայտնի գրող էր: «Լոլիտա»-ում պատմվում է հասուն տղամարդու և դեռահաս աղջնակի սիրո ու սեռական հարաբերությունների մասին: ԱՄՆ-ում երկար ժամանակ հրաժարվում էին տպագրել այս գիրքը: Առաջին անգամ այն լույս է տեսել եվրոպական «Olympia Press» հրատարակչությունում, որը կասկածելի հեղինակություն ուներ և զբաղվում էր էրոտիկ ու պոռնոգրաֆիկ գրականության հրապարակմամբ: Գրքի հրապարակումից հետո մեծ սկանդալ եղավ. քննադատներից ոմանք կարծում էին, թե «Լոլիտա»-ն «կեղտոտ», բուլվարային ստեղծագործություն է, իսկ հակառակորդները պնդում էին, որ այն ժամանակի լավագույն գրական ստեղծագործություններից է: Արդյունքում` Լոլիտայի վաճառքից ստացված գումարներով Նաբոկովը դարձավ ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը և բնակություն հաստատեց Շվեյցարիայում:
1856թ-ին լույս է տեսնում ամուսնական դավաճանության և այն ժամանակվա ֆրանսիական հասարակությանը բնորոշ ընտանեկան մոդելի մասին պատմող Ֆրանսիացի գրող Գյուստավ Ֆլոբերի «Տիկին Բովարի» ստեղծագործությունը։ Այդ ժամանակվա քաղքենիական Ֆրանսիայում, սակայն, ամուսնական դավաճանության մասին պատմող այս ստեղծագործությունը դիտարկեցին որպես բարոյական վիրավորանք, և 1857թ-ին գրքի հեղինակը, խմբագիրը և երկու հրատարակիչները կանգնեցին դատարանի առաջ հասարակության բարոյականությունը վիրավորելու մեղադրանքով: Դատարանն արդարացրեց վերջիններիս, իսկ «Տիկին Բովարի»-ն դարձավ իր ժամանակի ամենավաճառված գիրքը:
Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» ստեղծագործությունը, որը լույս է տեսել 1922թ-ին, որը պատմում է Իռլանդիայի Դուբլին քաղաքում ապրող հրեա Լեոպոլդ Բլումի կյանքից մեկ օրվա մասին: Առաջին անգամ Ֆրանսիայում լույս տեսնելուց հետո ԱՄՆ-ի գրաքննադատներն անվանեցին այն պոռնոգրաֆիա: «Ուլիսես»-ի շուրջ ծագած սկանդալը սև PR-ի ազդեցություն ունեցավ, և այն դարձավ ամենաընթերցված ստեղծագործություններից մեկը: Ջոյսի հարազատ Իռլանդիայում գիրքը հրապարակվել է միայն 1960թ-ին:
Ռուս գրող Բորիս Պաստերնակի «Բժիշկ Ժիվագո» վեպը պակաս սկանդալային չէ։ 1957թ.-ին լույս տեսած այս գրքում Պաստերնակն ի ցույց է հանել հոկտեմբերյան հեղափոխության տգեղ դեմքն ու ողջ իրականությունը ստալինյան ռեպրեսիաների մասին:
Ջերոմ Սելինջերի «Տարեկանի արտում ` անդունդի եզրին» ստեղծագործությունը լույս է տեսել 1951թ-ին: Ժամանակին այս գիրքն արգելված էր ԱՄՆ-ում, քանի որ համարվում էր, որ այդ ստեղծագործությամբ Սելինջերը անարխիզմի և ապստամբության կոչեր է անում, ինչպես նաև` քարոզում է սեռական անառակություն:
Ամենասկանդալային գրքերի գիրք է համարվում Սալման Ռուշդիի «Սատանայական ոտանավորներ» գիրքը: Առ այսօր այս գրքի համար Իրանի «Հունիսի 15-ի հիմնադրամը» գրքի հեղիանկի գլխի դիմաց 3մլն 300 հազար դոլար է առաջարկում: Բանն այն է, որ 1988թ-ին լույս տեսած այս գրքում մուսուլմանների մարգարե Մուհամեդը ներկայացված է այլ լույսի ներքո` որպես մեղսավոր և թուլությունների գերի դարձած մարդ: