Իրավական 

Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու գործով մեղադրանք է առաջադրվել բուհի երկու ուսանողների

analitik.am
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ։



 
Քննչական կոմիտեի պաշտոնական կայք-էջի տեղեկացմամբ՝ մարտի 19-ին և 20-ին Երևանի տարբեր քարտֆոններից ոստիկանության 1-02 ծառայությունում կեղծ հաղորդումներ էր ստացվել՝ Երևանի պետական համալսարանի մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ։


 
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքներում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որի վերաբերյալ նյութերն ստացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։


 
Պարզվել է, որ անձնական խնդիրները լուծելու նպատակով մարտի 19-ին ահաբեկչության մասին կեղծ ահազանգը տվել է Երևանի պետհամալսարանի ուսանող, անբավարար առաջադիմության պատճառով հեռացման ներկայացված, Երևանի բնակիչ Արամ Հայրյանը:


 
Վերջինիս խնդրանքով մարտի 20-ին ահաբեկչության մասին սուտ երկու հաղորդում է տվել Արթիկ քաղաքի բնակիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Սուսաննա Մնացականյանը:


 
Նախաքննությամբ պարզվել է, որ երկրորդ կուրսի մի ուսանող, ունենալով ցածր առաջադիմություն, գտնվել է համալսարանում ուսումնառությունից ազատվելու շեմին։ Տեղեկանալով, որ հայրը ցանկանում է այցելել համալսարան և հետաքրքրվել իր առաջադիմությամբ՝ ուսանողը հոր այցը ԵՊՀ խափանելու համար մարտի 19-ին զանգահարել է ոստիկանություն և նախապատրաստվող ահաբեկչության մասին տվել սուտ տեղեկություն։


 
Նույն նպատակով՝ հոր այցը մարտի 20-ին ևս խափանելու համար, ուսանողը մարտի 20-ին դրդել իր ծանոթուհուն զանգահարել ոստիկանություն և նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալ։ Վերջինս երկու անգամ՝ օրվա տարբեր ժամերին, զանգահարել է ոստիկանություն և Երևանի պետական համալսարանում նախապատրաստվող ահաբեկչության մասին տվել կեղծ հաղորդում։


 
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ուսանողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի, 38-259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ), աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ):

Նույն շարքից