Իրավական 

Պարզվել են Սևանում 44-ամյա տղամարդու սպանության հանգամանքները. նա մահացել է ծեծի հետևանքով

analitik.am

Սևան-Երևան ճանապարհի 59-րդ կմ-ին կից ցեմենտի առաքման կետի պահակատանը հայտնաբերված 1971թ. ծնված Կ. Մնեյանը մահացել է ծեծի հետևանքով. այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

 

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ 44-ամյա տղամարդու` Կ. Մնեյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

 

 

Հիշեցվում է, որ «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից  ապրիլի 5-ին՝ ժամը 21:40-ին, հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սևան-Երևան ճանապարհի 59-րդ կմ-ին կից ցեմենտի առաքման կետի պահակատուն և հայտնաբերել 1971թ. ծնված Կ.Մնեյանի դիակն ու տեղափոխել հիվանդանոցի դիահերձարան:
 



Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։


 

Կ. Մնեյանի սպանության դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

 

Նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Մնեյանը դեպքի օրը՝ 2015 թվականի ապրիլի 5-ին, մասնակցել է Սևան քաղաքում գտնվող ռեստորաններից մեկում կազմակերպված մատաղի արարողությանը։ Միջոցառման ավարտից հետո վերջինս մի քանի այլ անձանց հետո տուն գնալու նպատակով նստել է քաղաքացի Հ.Թադևոսյանի ավտոմեքենան, որը վարել է Ա. Ալեքսանյանը։  Ավտոմեքենայի մեջ առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի։ Արդյունքում՝ ղեկին գտնվող Ա. Ալեքսանյանը փոխել է ավտոմեքենայի ուղղությունը և գնացել ռեստորանային համալիրին կից գտնվող ցեմենտի առաքման կետի տարածք, Մնեյանին իջեցրել ավտոմեքենայից և երկու հոգով ծեծել։  Ստացած մարմնական վնասվածքներից Կ. Մնեյանը տեղում մահացել է:
 



Ձեռք բերված ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը որոշումներ է կայացրել Ա. Ալեքսանյանին և Հ. Թադևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանց նկատմամբ որպես  խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և  հայտարարվել  հետախուզում:

 

 

Նախաքննությունը շարունակվում է, դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու միջոցներ են ձեռնարկվում։

Նույն շարքից