Իրավական 

Զադոյան-Կարապետյան (Յուվեցի Կարո) գործին վերաբերյալ տրամաբանական բոլոր հարցերն անպատասխան են մնում

analitik.am

Մարտի 3-ին Մասիս քաղաքի  Արարատի և Վայոց Ձորերի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Կարո Կարապետյանն ընդդեմ Արթուր Զադոյանի դատական հերթական նիստը։ Կրկին գործով տուժող ճանաչված, չնայած դա բավականին վիճարկելի հարց է,  Կարո Կարապետյանը ներկա չէր նիստին։

 

Մեղադրող Կարեն Բիշարյանը հրապարակեց  դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննությունների եզրակացությունները։

 


Նախաքննական մարմինների կողմից հետազոտվել էին՝ Արթուր Զադոյանի անդրավարտիքը, կաշվե գոտին, զույգ կոշիկները, մետաղական բանալին, զենքի պատյանները, երկու սրբիչները և տասներկու բամբակե խծուծները։

 


Դատակենսաբանական փորձաքննությունը պետք է տար հետևյալ հարցերի պատասխանները՝  ու՞մ են պատկանում Արթուր Զադոյանի գոտու, անդրավարտիքի, կոշիկների վրայի արյան հետքերը, արդյոք դրանք պատկանում են տուժող Կարո Կարապետյանին, թե ամբաստանյալ Արթուր Զադոյանին։ 

 


Փորձաքննությանը ներկայացված Արթուր Զադոյանի  և Կարո Կարապետյանի արյան նմուշները ըստ իզո-շճաբանական հետազոտությունների արդյունքների պատկանում են նույն A խմբին։ Եվ համաձայն սույն եզրակացության, հնարավոր չէ պարզել արյան հետքերը պատկանում են տուժողին, թե անբաստանյալին։


Զավեշտալի է, որ ներկայիս պայմաններում հնարավոր չի եղել պարզել, թե ում արյունն է միայն այն պատճառով, որ երկուսի դեպքում էլ արյան նույն խումբն է ՝ պատկերացնո՞ւմ եք աշխարհում A արյան խումբ ունեցող քանի միլիոն մարդ կա։ Ինչևէ։

 


Արթուր Զադոյանի պաշտպան Սիմոն Ամիրխանյանն էլ իր հերթին հայտարարեց, որ «դատափորձագետի թիվ 551 եզրակացության վերաբերյալ ի հայտ են գալիս ողջամիտ հարցադրումներ։ Եթե ամբաստանյալի անդրավարտիքի ներքևի հատվածում, մասնավորապես աջ ոտքի դարձերեսին կան և հայտնաբերվել են դարչնաշագանակագույն հետքեր (արյան հետքեր), ապա ինչպե՞ս ստացվեց, որ արյան հետքերը բացակայում են Մակարով տեսակի ատրճանակի բռնակից, եթե ավելի վաղ հայտարարվել էր, որ ատրճանակը պատկանում է Արթուր Զադոյանին և գտնվել է նրա գուլպայի մեջ»։



Դե այս քրեական գործի համար նորմալ է, որ յուրաքանչյուր տրամաբանական հարդ անպատասխան  է մնում, ուստի  մեղադրող Կարեն Բիշարյանը շարունակեց հրապարակել թիվ 2387 դատաբժշկական փորձաքննության  եզրակացությունը։  Համաձայն դրա, տուժող Կարո Կարապետյանը՝ նույն ինքը Յուվեցի Կարոն,  դեպքից հետո դիմել է Մասիս քաղաքի հիվանդանոց, ապա «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նա բողոքել էր սրտխառնոցից, գլխացավից և շշմածությունից։ Բժիշկների կողմից հաստատվել է այն, որ տուժող Կարո Կարապետյանը ստացել է փակ գանգուղեղային վնասվածք և գլխուղեղի ցնցում։ Բացի այդ նշվում է, որ տուժող Կարո Կարապետյանը տանը դեղորայքային բուժում է ստացել, եղել է դյուրագրգիռ և ունեցել է տրամադրության անկում։

 


Անհասկանալի է միայն, թե տրամադրության անկում ինչո՞ւ ուներ մեր «հերոսը» այն դեպքում, երբ նա գենետիկորեն դավանում է ՀՀԿ-ին՝ անգամ ԲՀԿ անդամ լինելով, հիշում ենք, թե ինչպես վերջերս պարծանքով Յուվեցի Կարոն հայտարարեց, որ հայրը ՀՀԿ-ական է եղել, ուստի ինքն էլ է ՀՀԿ-ական։ Երևի Յուվեցի Կարոն վստահ է նրանում, որ եթե ՀՀԿ-ական ես ապա կարող ես ամեն ինչ քեզ թույլ տալ՝ հիշում ենք, թե ինչպես ես նա խոսում դատավորի հետ հենց դատարանի դահլիճում։  Ինչևէ։


Ինչ վերաբերում է անբաստանյալ Արթուր Զադոյանի մարմնական վնասվածքների մասին դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, ապա վերջինս դեպքից հետո դիմել է Արտաշատի բժշկական կենտրոն ՓԲԸ։ Նա ունեցել է աջ ազդրի և աջ բազկի շրջանում հրազենային միջանցիկ վերքեր, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք-տեղաշարժումով, արյունահոսող վերքեր, չորս կողոսկրերի կոտրվածք և սալջարդեր։ Արթուր Զադոյանը բողոքել է գլխի, կրծքավանդակի ցավերից և նրա վիճակը գնահատվել է ծանր և կյանքին վտանգ սպառնացող։


Արթուր Զադոյանի պաշպան՝ Սիմոն Ամիրխանյանը հայտարարեց, որ «Արթուր Զադոյանին զննող բժիշկ Գևորգյանը օբյեկտիվ չի գտնվել, քանի որ նրա ձեռքի տակ է եղել հիվանդության պատմագիրը։ Նշված է, որ կոտրվել են չորս կողերը, սակայն անհասկանալի պատճառով  նշված հրապարակված եզրակացությունում փորձագետը նշել է, որ կոտրված է եղել Արթուր Զադոյանի մեկ կողը։  Հետագայում, փորձագետը մասնակցել է լրացուցիչ փորձաքննության  մեկ այլ փորձագետի կողմից իրականացված, Գևորգյանը ընդունել է իր սխալը և ստորագրել է փորձագետի եզրակացությունը։ Այսինքն համաձայնվել է այն եզրակացությանը, որ Արթուր Զադոյանի մոտ առկա են չորս կողերի կոտրվածքներ»:


Դատական նիստը հնարավոր չեղավ շարունակել, քանզի  Արթուր Զադոյանի ինքնազգացողությունը վատացավ։ Նիստը հետաձգվեց։

 


Հիշեցնենք, որ 2009 թ. հոկտեմբերին, Երասխ-Երևան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ նախկին ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ։ Կարո Կարապետյանը իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ:

 


Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Կարո  Կարապետյանը նաև ծեծի էր ենթարկել Արթուր Զադոյանին, ով ոտքերի հարված էր ստացել գլխին և  ուղեղի ցնցում ստացել:

 


Սակայն, հարուցված քրեական գործը ստացավ անսպասելի ընթացք, կրակոցներից վնասվածք ստացած Զադոյանը դարձավ մեղադրյալ, իսկ նախկին ԲՀԿ-ական պատգամավորը` տուժող: Արթուր Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել կրել հրազեն և ռազմամթերք և Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ: 

Նույն շարքից