Մոսկվայի Բասմանի դատարանը երկուշաբթի երկարացրել է «Բաշնեֆտի» գործով մեղադրվող Լևոն Հայրապետյանի տնային կալանքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դատարանը բավարարել է քննության միջնորդությունը և երկարացրել Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը` տնային կալանքը»,– ասել է դատավոր Նատալյա Դուդարը։
Հայրապետյանին մեղադրում են, որ նա կապ է ունեցել 2009թ.–ի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեֆտը» «Սիստեմա» ԲՖԿ–ի կառույցներին վաճառելու հետ։ Ռախիմովը «Բաշնեֆտը» գլխավորել է երեք տարի։ Մասշտաբային արբիտրաժային գործընթացի արդյունքում «Բաշնեֆտը» վերադարձրել են պետությանը։
Քննության տվյալներով` Հայրապետյանն ունի երկքաղաքացիություն և անշարժ գույք արտերկրում, մասնավորապես` վերջին շրջանում նա բնակվել է Մոնակոյում։ Այս փաստով էլ քննությունը հիմնավորել է նրան կալանավորելու անհրաժեշտությունը։ Հոկտեմբերի սկզբին ձեռներեցի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Հայրապետյանի փաստաբանն ավելի վաղ հայտարարել է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատացել է և խնդրել էր ազատել նրան։