Իրավական 

Դանակահարված 21-ամյա երիտասարդը վիրահատությունից հետո ի վիճակի չի եղել ցուցմունք տալ

Երեւանի քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա երիտասարդի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։



ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ապրիլի 13-ին` ժամը 21:20-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ա.Խաչիկյանը` «որովայնի շրջանի ծակած-կտրած թափանցող վերք` լյարդի վնասում» ախտորոշմամբ:



Դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ապրիլի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:



Տուժած քաղաքացին վիրահատությունից հետո ի վիճակի չի եղել տալ ցուցմունք կամ պատասխանել հարցերին:



Նշանակվել են դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:



Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ երիտասարդին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նույն շարքից