ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին 311-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ և երրորդ կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է դատական տեղեկատվական համակարգից: Խաչատուր Խաչատրյանը, 2009թվականի փետրվարի 27-ից զբաղեցնելով ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը Սեյրան Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու և նրա օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար նրանից կաշառք է պահանջել:
2014թվականին դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում Սեյրան Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9 միլիոն 186 հազար ՀՀ դրամին համարժեք 20 հազար ԱՄՆ դոլար կաշառք:
Վերը նշված քրեական հոդվածով` մեղադրյալին սպառնում է յոթից տասներկու տարի ժամկետով ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը Խաչատուր Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորում: