Իրավական 

Գյումրիում ընտանիքի անդամների սպանության վայրում գտնված ինքնաձիգն առանց խլացուցիչի է եղել. փորձաքննություն

analitik.am

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը քննվող քրեական գործով հրապարակել է նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն, հանցագործության վայրում հայտնաբերված ինքնաձիգի վրա խլացուցիչ չի օգտագործվել։


 

«Փորձաքննությամբ հերքվել է դեպքի վայրում հայտնաբերված AKC 74 տեսակի  ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացված լինելու հնարավոր վարկածը։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին վկայող հետքեր կամ օտար նյութի մնացորդներ չեն հայտնաբերվել»,– ասվում է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում։



ՔԿ–ից նշում են, որ կրակված գնդակների, կրակված գնդակի մեկ պատյանի և մեկ միջուկի  մանրադիտակային հետազոտությամբ ևս դրանց վրա խլացուցիչով զենքից կրակված լինելու մասին վկայող հետքեր կամ օտար նյութի մնացորդներ չեն հայտնաբերվել։



Տան պատերի, կահույքի, վերմակների, ծածկոցների, տուժողների հագուստների վրա հայտնաբերված վնասվածքները, փորձաքննության եզրակացության համաձայն,  պատճառվել են 5,45մմ տրամաչափի գնդակներով և դրանց բեկորներով։



Դեպքի վայրում հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները, դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն,  կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որն ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին:



Ըստ փորձագետների՝ դեպքի վայրում հայտնաբերված զինվորական հագուստների վրա փորձագետները հայտնաբերել են կրակոցի արգասիքների կազմի մեջ մտնող պղնձի և անտիմոնի մետաղացման հետքեր: Նման հետքեր են հայտնաբերվել նաեւ տուժողների հագուստների վրա։



Անչափահաս Սերյոժա Ավետիսյանի հագուստների, մանկական ծածկոցի, սավանի վրա հայտնաբերված կտրած-ծակած վնասվածքները, եզրակացության համաձայն, կարող էին առաջանալ ինչպես փորձաքննությանը ներկայացված սվին-դանակի շեղբի ներգործության, այնպես էլ նմանատիպ` մեկսայրանի ծակող-կտրող շեղբ ունեցող այլ գործիքի (ների) շեղբի ներգործությունների արդյունքում:



Նշված սվին-դանակի բռնակի և շեղբի միացման հատվածում հայտնաբերվել են կրակոցի արգասիք հանդիսացող պղնձի մետաղացման հետքեր։



Սվին-դանակի հայտնաբերվել են համեմատական հետազոտության համար պիտանի, բամբակյա ծագում ունեցող միկրոմանրաթելեր, որոնք ունեն ընդհանուր սեռային պատկանելիություն Սերյոժա Արմենի Ավետիսյանի ժիլետի գործվածքի կազմի մեջ մտնող համապատասխան մանրաթելերի հետ:

Նույն շարքից