Իրավական 

Հայ առաքելական եկեղեցին կսրբադասի Հայոց ցեղասպանության զոհերին

analitik.am

Հինգշաբթի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա 1915թ.–ի Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողակարգը։



Վերջինը հայոց պատմության մեջ սրբադասվել է պատրիարք Մովսես Տաթևացին, ով մահացել է 1650–ականներին, իսկ սրբադասվել է 100 տարի հետո` 1750–ականներին։ 



Սրբադասման համար չորս պայման է անհրաժեշտ` նահատակությունը հավատքի ու հայրենիքի համար, սրբակյացությունը՝ սրբակենցաղ կյանքը, հրաշքների առկայությունը կենդանության օրոք կամ մահվան ժամանակ, հավատքի քարոզչությունը, տարածումը: Հենց այս պայմանները հիմք ընդունելով էլ որոշում է ընդունվել Հայոց ցեղասպանության զոհերին դասել սրբերի շարքը։



Շուրջ 10 տարի քննարկելուց հետո առաջարկվեց քննել նահատակների սրբադասման հնարավորությունը, երեք տարվա քննությունից, քննադատություններից հետո սրբադասման հանձնախումբը ներկայացրեց եպիսկոպոսաց ժողովին սրբադասման հնարավորությունը, նախորդ տարի դա հաստատվեց: Ի վերջո  սրբադասման հանձնախումբը Հայ առաքելական եկեղեցու  եպիսկոպոսաց ժողովին 2013 թվականին ներկայացրեց սրբադասման հնարավորությունը, որի համաձայն դարեր անց,  2015 թվականի ապրիլի 23–ին, կկայանա Հայոց եղեռնի անմեղ զոհերի  սրբադասման կարգը։



Սրբադասման հետ կապված գրեթե բոլոր մանրամասներն արդեն քննարկվել և պատրաստվել են, մասնավորապես` հաստատվել է շարականը, որը գրվել է դեռևս 25 տարի առաջ և կօգտագործվի Հայոց ցեղասպանության սուրբ զոհերի հիշատակման ժամանակ, պատրաստվում են սրբապատկերներն ու աղոթքները։



Դրա համար մշակվել է սրբադասման հատուկ կարգ, որում կարևոր դեր է խաղում հատուկ մարտիրոսագրության ընթերցում։ Կանցկացվի նաև լուսանկարների օծման կարգ, մասունքների երկրպագություն, որը կուղեկցի աղոթքներով։



Սրբադասման արարողակարգը սկսվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեռևս նախօրեին`ապրիլի 22–ին։



Արարողության ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները, որոնք մինչև հիմա պահվել են Դեր Զորում, Կիլիկիայի կաթողիկոսությունում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ, կմիավորվեն մեկ ընդհանուր մասնատուփում, որը կսրբագործվի։



Արարողակարգը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մուտքի մոտ գտնվող բաց խորանի մոտ` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ։



Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումից հետո ամեն տարի ապրիլի 24–ին Հայ առաքելական եկեղեցին կմատուցի ոչ թե հոգեհանգստի, այլ բարեխոսության կարգ։



Մայր Աթոռի հրավերին ընդառաջ ապրիլի 22-24-ի արարողություններին կմասնակցեն 38 Եկեղեցիների, միջեկեղեցական և էկումենիկ կառույցների ու միջկրոնական կազմակերպությունների շուրջ 70 ներկայացուցիչներ, որոնց թվում դավանակից չորս Եկեղեցիների և երեք Ուղղափառ Եկեղեցիների պետեր, էկումենիկ կառույցների ութ նախագահներ և գլխավոր քարտուղարներ, Ուղղափառ, Կաթոլիկ, Անգլիկան և Բողոքական Եկեղեցիների պատվիրակություններ, եկեղեցականներ Ռուանդայից և Դարֆուրից:

Նույն շարքից