Գլխավոր Վերլուծական 

Շաբաթը թեժ էր.Քաղաքական շաբաթվա ամփոփում

analitik.am

Քաղաքական շաբաթվա բացումը սկսվեց ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստով, որտեղ պարզվեց, որ էթիկապես խախտում չի ճանաչվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի արարքը: Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ Շուշան Պետրոսյանի խոսքը սպառնալիք չի պարունակել, այլ միայն սաստելու միտում է ունեցել:

Այնուհետև պարզվեց, որ իշխանությունն արդեն ներկայացրել է Ընտրական օրենսգրքի իր նախագծի փաթեթը Վենետիկյան հանձնաժողովին, իսկ ընդդիմությունը «ուղտի ականջում» քնած, նոր է միայն պատրաստվում մտածել իր տեսակետը ներկայացնելու մասին: Չնայած շաբաթն ավարտվեց սակայն ընդդիմության կողմից այդպես էլ միավորվելու քայլեր չնկատվեցին:

Շաբաթվա հենց սկզբից սենսացիոն բացահայտում եղավ, Analitik.am- ի Մոսկովյան աղբյուրները տեղեկացրին, որ կտրուկ վատացել են Սամվել Կարապետյանի գործերը և դա կապված չի ռուբլու փոխարժեքի տատանման հետ:

Սամվել Կարապետյանի գործերի վատացման մասին է փաստում նաև ամերիկյան Forbes պարբերականը, նշելով, որ 2015թ.-ի ընթացքում Կարապետյանի կարողությունը նվազել է 0.3 մլրդ դոլարով:

Կարծես թե այս հրապարակմանը որպես պատասխան միանգամից սկսվեց ագրեսիվորեն տարածվել «կանացի» Forbes-ի այն համարը, որի շապիկին Սամվել Կարապետյանի դուստրն էր:

Աղբյուրները փոխանցել էին, որ Մոսկվայի քաղաքային իշխանությունների վերաբերմունքը դեպի Կարապետյանը կտրուկ վատացել է: Այս ամենի արդյունքում տուժեցին մեր հայրենակիցները, ովքեր աշխատանքային պայմանագրեր էին կնքել Ս.Կարապետյանի հետ:

Շաբաթը կարևոր էր նաև կադրային փոփոխություններով՝ ՀՀ նախագահի որոշմամբ Լևոն Յոլյանն ազատվեց Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնից ու նշանակվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար:

Ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ը նորից առանձնացվեցին՝ ՊԵԿ նախագահ նշանակվեց ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, Սերժ Սարգսյանն անձամբ ներկայացրեց նրան, ինչպես նաև պարզաբանեց, թե ինչու առաջացավ ՊԵԿ-ի առանձնացման անհրաժեշտությունը, քանի, որ այն Ֆիննախին էր միացվել ընդամենը տարի ու կես առաջ:

Կադրային փոփոխություններ եղան նաև ՀՀ ոստիկանությունում՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Երևանի Մաշտոցի բաժնի ողջ կազմը, այնուհետև Կոտայքի մարզային բաժնի պետ Սերոբ Հարությունյանը, Շիրակի մարզային բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը և Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը։ Իսկ Երևանում աշխատանքից ազատվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը և Երեւանի ոստիկանապետի տեղակալ Արմեն Գարդուզյանը:

Աժ-ում «Ինձ բացակա չդնեք» խորագրով շաբաթն ամփոփեցին «դասից փախնող» պատգամավորները: ParliamentMonitoring.am-ի տվյալներով, հինգերորդ գումարման Ազգային Ժողովի 9-րդ նստաշրջանի ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորը ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն է, նա չի մասնակցել 681 քվեարկությունների։

Շաբաթը կարևորվեց նաև Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հայաստան կատարած այցով: Տարածաշրջան կատարած այցի շրջանակներում առաջին անգամ նա այցելեց Հայաստան և բարձրաստիճան մի շարք անձանց հյուրընկալվեց:

Գարնան առաջին օրը արդեն 8 տարի է հայ հասարակության համար ողբերգական իրադարձության տարելից է և քաղաքական ու հասարակական, այս անգամ միացան նաև իրավապահ համակարգի բազմաթիվ աշխատակիցներ, մի շարք գործիչներ այցելեցին Մյասնիկյանի արձանի հարևանությամբ պուրակ ու այնտեղ հարգանքի տուրք մատուցեցին 2008 թվականին ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին:

Մարտի 5-ին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր և քաղաքական գործիչներն այցելեցին Եռաբլուր պանթեոն հարգանքի՝ տուրք մատուցելու Սպարապետի հիշատակին:

Շաբաթը ակտիվ էր նաև «Անալիտիկ» մամուլի ակումբում: Կառանձնացնենք հետևյալ կարծիքները՝ Ալեքսանդր Ամարյանը բողոքեց հաշտարարների ինստիտուտից, նշելով, որ անգամ դատավորներն են ասում, որ դա «մեռած» հիմնարկ է, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը փաստեց, որ տնտեսական տարին դրական ցուցանիշներով է սկսվել, ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանն էլ գոհուակություն հայտնեց Հարկային նոր օրենսգրքից:

Ամփոփելով ու առանձնացնելով քաղաքական շաբաթը կարելի է հայտարարել, որ այն թեժ էր և լրատվամիջոցներն ու ընթերցողները ձանձրանալու առիթ չունեցան:

Նույն շարքից