Իրավական 

Ո՞ր դեպքում ոստիկանը կարող է խուզարկել Ձեր ավտոմեքենան

analitik.am

Երեկ, Իրավաբան.net կայքում հրապարակել էր տեղեկատվություն ավտոմեքենայի զննության մասին։ Եթե դեռևս չեք կարդացել այն, ապա վերջինիս կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։ Միևնույն ժամանակ, տեղեկացրել էինք այն մասին, որ ոստիկանն իրավունք ունի զննել առհասարակ Ձեր տրանսպորտային միջոցը, սակայն ուշադրություն ոստիկանն իրավունք չունի խուզարկել Ձեր ավտոմեքենան առանց դատարանի որոշման։ Այժմ պարզաբանենք, թե ի՞նչ նկատի ունեինք։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6–րդ հոդվածում տրված «բնակարան» եզրույթի բացատրությունից բխում է, որ Ձեր ունեցած ավտոմեքենայի իրավական ռեժիմի նկատմամբ տարածվում է օրենքով սահմանված բնակարանի իրավական ռեժիմի բոլոր երաշխիքներն, որոնք ամրագրված են օրենսդրի կողմից։ ՀՀ Սահմանադրության 32–րդ հոդվածում ամրագրված է.

«(…) Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր»։

Վերոհիշյալ իրավական նորմը համադրելով «բնակարան» եզրույթի սահմանման հետ, պարզ է դառնում, որ ավտոմեքենայի խուզարկության համար նույնպես անհրաժեշտ է դատարանի որոշում։

Այսպիսով, ստացվում է, որ ավտոմեքենայի զննությունը ոստիկանը կարող է կատարել առանց դատարանի որոշման, սակայն ավտոմեքենայի խուզարկությունը ոստիկանը կարող է կատարել միայն դատարանի որոշմամբ։

Իսկ ինչո՞վ  է տարբերվում ավտոմեքենայի զննությունը խուզարկությունից։ Ուշադրություն. Զննության ընթացքում ավտոմեքենան ենթարկվում է բացառապես տեսողական դիտարկման։ Զննության ընթացքում ոստիկանն իրավունք չունի բարձրացնել ավտոմեքենայի նստատեղերը, բացել իրերի պահման խցիկները և այլն։

Այսինքն, զննությունն իրենից ենթադրում է պասիվ տեսողական դիտարկում, մինչդեռ խուզարկության ընթացքում այն վերածվում է ակտիվ տեսողական դիտարկման։

Սկզբնաղբյուր`  iravaban.net կայք

Նույն շարքից