Վերլուծական գլխավոր 

Լրատվական շաբաթվա ամփոփում

Հայկական լրատվական շաբաթը մեկնարկեց  Համաշխարհային բանկի «Հայաստան. ամենամսյա տնտեսական տեղեկագր»­-ում տեղ գտած կանխատեսմամբ, ըստ որի  2016թ.­ին Հայաստանի տնտեսական աճը կշարունակի մնալ դանդաղ՝ 2,5%­ի սահմաններում՝ պայմանավորված Ռուսաստանի տնտեսական անկմամբ և կառուցվածքային թուլություններով։

Շաբաթվա կարևոր ու կիզակետային իրադարձություն կարող ենք առանձնացնել կանանց միամսյակի մեկնարկը, որի սկիզբը տրվում է    Կանանց միջազգային օրով՝ մարտի 8-ին:

 Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով ստեղծել էր կանանցից կազմած հեղափոխական ջոկատ: Որոշվում է ընտրել մի օր, որը կհամարվեր կանանց պրոլետարիատի ծննդյան օրը:

1965-ից Խորհրդային Միությունում օրը համարվեց ոչ աշխատանքային: 1975-ին խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ ՄԱԿ-ը 1975-ը ճանաչեց Կանանց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977-ին մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային տոն:

Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից, և որպես այլընտրանք ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր, սակայն մարտի 8-ն այնքան խոր արմատներ էր գցել և դարձել հայերի սիրված տոներից, որ արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, և մարտի 8-ը վերականգնվեց: Ավելին՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես մեզանում համարվում է կանանց միամսյակ:

Մարտի 8-ի  առթիվ շնորհավորական ուղերձներ հղեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը , Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին 2-րդը, բարձրաստիճան այլ անձինք:

Մարտի 8-ի առթիվ,  35-ամյա հայուհի Քիմ Քարդաշյանն իր Instagram–ում նոր լուսանկար էր հրապարակել, որտեղ ներկայացել է լրիվ մերկ՝ լուսանկարին կցելով «ազատված» հեշթեգը, որը փոթորիկ առաջացրեց ոչ միայն հայկական լրատվական դաշտում, այլև ամբողջ աշխարհում:

Մարտի 8-ը Արցախյան ազատամարտի հերոս Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) ծննդյան տարեդարձն էր: Որի  կապակցությամբ հերոսի հարազատները, մի խումբ ազատամարտիկներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին:

Հերոսի հիշատակի օրվա հետ կապված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց նրա տուն թանգարան:

Մարտի 9-ին,    ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում   գրել էր, որ  Թբիլիսիում քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու խաղաղ կարգավորման գործընթացը:

 Analitik.am-ը  այդ հանդիպման հետ կապված զրուցել էր   քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ, ով հայկական կողմից մասնակցել  էր քննարկմանը: Տեղեկացանք, որ հանդիպումը փակ ֆորմատով է անցկացվել  և ըստ պայմանավորվածության քննարկման առարկան  հրապարակման ենթակա չէ:

Սերգեյ Մինասյանը հայտնեց, որ քննարկմանը մասնակցել են փորձագետներ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից:

Շաբաթվա ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվայում։

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մինչև ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը   ՛՛Коммерсант՛՛ պարբերականին տված հարցազրույցում ասել էր Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վատթարացման պատճառների և խնդրի կարգավորման հեռանկարների մասին։

Այնուհետև կայացավ նախագահ Սերժ  Սարգսյանի  մարտի 10-ին աշխատանքային այցը  Ռուսաստանի Դաշնություն:

Մոսկվայում ՀՀ Նախագահը  հանդիպում ունեցավ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես նաև Մոսկվայում ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:

Այս շաբաթ ևս ազատումները շարունակվեցին ՀՀ ոստիկանությունում.  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին պետ Խորեն Բարխոյանն ազատվեց պաշտոնից:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը  Բիրմինգեմում հանդիպեց Մայքլ Ջեքսոնի հետ:

Պաշտոնական այս հաղորդագրությունը   տարաբնույթ հումորային մեկնաբանությունների տեղիք տվեց, սակայն իրականում Մայքլ Ջեքսոնն Անգլիայի Բարձր Դատարանի հարկադիր կատարման ասոցիացիայի նախագահն է:

Այս շաբաթ ևս շարունակեցին դաշնակցականները իրենց քաղաքական որոշման պտուղները քաղել: ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնագրի շրջանակներում  նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արա Նռանյանը նշանակվեց  ՀՀ  վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ:

Անցած շաբաթ ԲՀԿ կուսակցության շուրջ սկսված  խառնաշփոթը  հասավ իր գագաթնակետին և ԲՀԿ-ական   պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարեց  կուսակցությունից  հեռանալու մասին:

Հայաստանում շաբաթը շարունակում էր հագեցված աշխատանքային մթնոլորտում: Մասնավորապես ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստն անցկացվեց Հայաստանում և խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը և նրա գլխավորած պատվիրակության անդամները Երևան ժամանելուն պես այցելեցին  Ծիծեռնակաբերդ:Այնուհետև մի շարք հանդիպումներ ունեցան տարբեր բարձրաստիճան անձանց հետ:

Հայաստանում թիվ մեկ քաղաքական օրակարգային հարցի՝  Ընտրական օրենսգրքի նախագծի  քննարկման շուրջ  Analitik.am-ը զրուցեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գրիգորի Դոխոյանի հետ,  ով կարծում է, որ  «Խնդիրն այստեղ Հայաստանի բաժանումն է 13 ընտրատարածքի, որտեղ մարզերն են և Երևանը՝ բաժանված  4 մասերի, իսկ Սյունիքն ու Վայոց ձորը միացվել են, որտեղ յուրաքանչյուր կուսակցություն պետք է ներկայացնի առանձին ցուցակ, ինչը նշանակում է, որ եթե առաջ Ազգային ժողովը ձևավորվում էր 41 մեծամասնական պատգամավորով, ապա հիմա 100 տոկոս ձևավորվելու է մեծամասնականի շնորհիվ, այդ բոլոր տեղամասերում իշխանությունն առաջադրելու է երկու կամ երեք քրեաօլիգարխիկ անդամների և պայքարը գնալու է ոչ թե գաղափարների մեջ, այլ թե ով ում ինչ լավություն արեցի սկզբունքով»:

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների և Նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի վերաբերյալ Analitik.am-ի հետ զրույցում    քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը հայտարարեց, որ  թուրքերի պահանջով ռուսները Նախիջևանը նվիրաբերեցին Ադրբեջանին՝ գրավելով Հայաստանից և հիմա ժամանակն է հետ բերել այն:

Ցավոք սրտի շաբաթը ողբերգական ավարտ ունեցավ: ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում  նռնակի պայթյունից մահացու վիրավորում ստացավ  ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Սարգիս Դավիթի Օհանյանը:

Շաբաթը թեժ  էր նաև «Անալիտիկ» մամուլի ակումբում: ՀՀ Պետական Կառավարման ակադեմիայի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը հայտարարեց, որ «Ադրբեջանն ի վնաս իրեն կգնի Ռուսաստանից գազ և կտա այդ ամենը Վրաստանին, փորձելով պահպանել մոնոպոլիան Վրաստանում, որի մասին ոչ ոք չի խոսում, սակայն ընտրություններից հետո դիվերսիֆիկացիան կսկսվի»:

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի դիսպենսերային բաժնի վարիչ Արտաշես Թումանյանն էլ նշեց,   որ Հայաստանում՝ մասնավորապես երիտասարդության շրջանում լայն տարածում են գտել թմրանյութերը: Դրանց որոշ տեսակներ, որոնք նոր են սկսել տարածվել ՀՀ-ում ահռելի վնաս են հասցնում օրգանիզմին. «Սփայս» տեսակի թմրանյութեր օգտագործողների մոտ հոգեկան շեղումներ են առաջանում, իսկ «Կրոկոդիլ» տեսակի թմրանյութն էլ ամբողջովին քայքայում է օրգանիզմը՝ առաջացնելով անգամ փտախտ:

Նույն շարքից